29 նոյեմբերի 2017 - 14:15 AMT
Ֆեդերեր. Դառնալով աշխարհի առաջին ռակետը՝ մտածել եմ կարիերաս ավարտելու մասին

Թենիսի երկրպագուները դեռ 13 տարի առաջ կարող էին զրկվել աշխարհի ամենահայտնի թենիսիստներից մեկի՝ Ռոջեր Ֆեդերերի ելույթներին հետևելու հնարավորությունից, քանի որ, դառնալով աշխարհի առաջին ռակետը նա մտածել է կարիերան ավարտելու մասին: Թենիսիստը պատմել է իր պատանեկան տարիների մասին:

«16 տարեկանում ես նետում էի ռակետները խաղի ժամանակ, ինձ դրա համար վռնդում էին կորտից: 17-ում ծնողներս որոշեցին, որ ես պետք է հոգեբանի մոտ գնամ, քանի որ շատ էի զայրանում կորտում: Այդ պահից ես առաջընթաց ունեցա: Ամեն անգամ, երբ ճնշում եմ զգում, մտածում եմ իմ կատարած աշխատանքի մասին»,-ասել է Ֆեդերերը, հայտնում է Eurosport-ը:

«2004-ին դառնալով աշխարհի առաջին ռակետը՝ մտածեցի կարիերաս ավարտելու մասին: Ես հասել էի ամեն ինչի, բայց ասացի ինքս ինձ, որ կարող եմ շարունակել խաղալ, որովհետև այլևս ոչ ոքի բան չունեմ ապացուցելու: Այն ամենն, ինչին հետո հասա, բոնուս էր:

Ինձ ասում են, որ շատ եմ լալիս կարևոր հաղթանակներից ու պարտություններից հետո: Ոմանք նույնիսկ չեն ժպտում հաղթանակից հետո, իսկ ոմանք էլ ժպտում են շաբաթներով: Ես ուղղակի ինձ թույլ եմ տալիս արտասվել»,-ասել է թենիսիստը:

Նա հավելել է, որ լաց է լինում՝ հիշելով մարզչին, որն իրեն ասում էր, թե նա ոչ մի բանի չի հասնի: «Այդ պահերին մտածում եմ այն մասին, թե ինչ եմ զոհաբերել: Բայց իրականում ես պետք է շնորհակալ լինեմ այդ մարդուն, քանի որ նա դրդապատճառ տվեց ինձ՝ հատկապես կարիերայիս առաջին տարիներին»,-ասել է Ֆեդերերը:

Ռոջեր Ֆեդերերը 2017-ի խաղաշրջանն ավարտել է ATP վարկանիշի 2-րդ հորիզոնականում: Նա ընթացիկ տարում 7 տիտղոս է նվաճել, այդ թվում հաղթել է Australian Open-ում և Ուիմբլդոնում: Ընդհանուր առմամբ Ֆեդերերեը հաղղթել է Մեծ սաղավարտի 19 մրցաշարում: