29 նոյեմբերի 2017 - 16:06 AMT
Ֆրանսիական ARAM ասոցիացիան հայ համայնքի արխիվ է հավաքում

Մարսելի Հայկական հուշերի հետազոտման և արխիվացման ասոցիացիան՝ ARAM-ը (l’Association pour la Recherche et l’Archivage de la Mémoire Arménienne), հավաքում և թվայնացնում է Ֆրանսիայի հայ համայնքի մասին պատմող փաստաթղթերը, լուսանկարները, նամակներն ու ձայնասկավառակները:

«Կարևոր է ցանկացած փաստաթուղթ, լինի դա աշխատանքի պայմանագիր, միջոցառման ֆլաեր, թե պարահանդեսի տոմս՝ դա արխիվի շատ հետաքրքիր մաս է: Մենք ունենք 30-ականների լուսանկարներ: Մեզ գրքեր են բերում, որոնք հաճախ անընթեռնելի են: Մենք շնորհակալ ենք վստահության համար, քանի որ մարդիկ գիտեն, որ այստեղ դրանք կթվայնացվեն և կտարածվեն»,-պատմել է ՝ ARAM-ի արխիվային կենտրոնի ադմինիստրատոր և պատմության ու աշխարհագրության պրոֆեսոր Աստրիդ Արթին-Լուսիկյանը, հայտնում է Rusarminfo-ն La Marseillaise-ի վրա հղումով:

Առաջին հայերը Ֆրանսիայում հաստատվել են վաղ միջնադարում՝ 6-րդ դարում։ Նրանց թիվը աստիճանաբար ավելացել է հատկապես Կիլիկիայի հայկական պետության անկումից (XIV դար) հետո, ապա՝ XV-XVI դարերում, երբ հայկական փոքրաթիվ գաղութներ հիմնվեցին Մարսելում, Փարիզում և մի քանի այլ քաղաքներում։ Ֆրանսահայ համայնքը մասնավորապես ստվարացավ, երբ Մեծ եղեռնից փրկված արևմտահայ գաղթականների հազարավոր ընտանիքներ և որբեր հաստատվեցին Ֆրանսիայում։