30 նոյեմբերի 2017 - 11:03 AMT
Շարմազանով. Ադրբեջանի և Թուրքիայի «քավորությամբ» ընդունված ՍԾՏՀ հռչակագիրը ոչ միայն հակահայկական է, այլ հակաիրավական

Ադրբեջանի և Թուրքիայի քավորությամբ ՍԾՏՀ նիստում ընդունված հռչակագիրը ոչ միայն հակահայկական է, այլ հակաիրավական: Այդ մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով Կիևում ընդունված հռչակագրին։

Վեհաժողովի բացման սկզբում, երբ պատվիրակությունների անդամները մոտ մեկ ժամ սպասում էին դահլիճում, պարզվել է, որ բոլոր պատվիրակությունների ղեկավարները ՍԾՏՀ ԽՎ գլխավոր քարտուղարի և Ուկրաինայի պատվիրակության ղեկավարի նախաձեռնությամբ առանձնացել և ինչ-որ հարց էին քննարկում: Այդ քննարկմանը չէր հրավիրվել միայն ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարը: Հետագայում պարզվեց, որ վերոհիշյալ քննարկման արդյունքում հռչակագրի մեջ տարածաշրջանում առկա հակամարտությունների վերաբերյալ մի փոփոխություն է մտցվել, որն ամբողջովին հակասում է միջազգային իրավունքի՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքի համալիր սկզբունքին:

«Ադրբեջանն ու Թուրքիան, մերժելով միջազգային իրավունքի սկզբունքները, վերցրել են ընդամենը մեկ սկզբունք` տարածքային ամբողջականության սկզբունքը, մերժել են այն ամենն, ինչ կա ու ընդունել են մի որոշում, որը ոչ միայն Հայաստանի շահերից չի բխում, այլ առհասարակ չի բխում այն իրավական բազայից, որ գոյություն ունի»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:

Խոսելով Արցախյան հիմնահարցի վրա հռչակագրի հնարավոր ազդեցության մասին` ՀՀԿ խոսնակը նշել է, որ Արցախյան հիմնահարցը չի կարող կապվել ոչ Օսեթիայի, ոչ Աբխազիայի, ոչ Ղրիմի, ոչ էլ Կատալոնիայի հարցի հետ: «Արցախյան հիմնահարցն իր ուրույն պատմությունն ունի, ուրույն իրավական հիմքերը և Արցախի Հանրապետությունն ու Արցախի քաղաքացիներն անկախացել են Խորհրդային միությունից նույն այն օրենսդրական նորմերով, ինչ նախկին Խորհրդային միության անդամ բոլոր մյուս պետությունները, այդ թվում նաև այսօր ԵՄ անդամ 3 պետություն` Լիտվան, Էստոնիան և Լատվիան»,- նշել է Էդուարդ Շարմազանովը:

Ինչ վերաբերում է տարածքային ամբողջականությանն, ապա, ըստ նրա, մեկ անգամ չէ, որ համանախագահ երկրների ղեկավարները, նաև ԵՄ պաշտոնական տեսակետներում ամրագրել են հստակ դրույթներ, որտեղ տարածքային ամբողջականությունը, ուժի չկիրառումն ու ինքնորոշման իրավունքի իրացումը մեկ ամբողջական փաթեթային սկզբունքներ են, և որտեղ մեկի գերակայությունը մյուսի նկատմամբ ընդունված չէ։

«Այդ իմաստով, այն, ինչ ընդունվել է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի կողմից, Ադրբեջանի և Թուրքիայի քավորությամբ և որոշ երկրների մասնակցությամբ, դա ոչ միայն հակահայկական բնույթ ունի, այլ հակատրամաբանական է, հակաիրավական: Դա հակասում է թե Եվրամիության պաշտոնական տեսակետին, թե Մինսկի խմբի համանախագահ երկրների` Ֆրանսիայի ՌԴ-ի և ԱՄՆ-ի, պաշտոնական տեսակետներին»,– ընդգծել է Շարմազանովը` հավելելով, որ հռչակագիրն իհարկե որևէ իմպերատիվ նշանակություն չի կարող ունենալ Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման առումով, բայց նաև տհաճ է, քանի որ նման ձևակերպումները չեն օժանդակում խնդրի խաղաղ կարգավորմանը և մտնում են հակասության մեջ միջազգային իրավական նորմերի հետ։

«Սա անթույլատրելի ու դատապարտելի պահվածք է, և մենք պաշտպանում ենք ՀՀ ԱԺ բազմակուսակցական պատվիրակության անդամ մեր գործընկերների որոշումները»,– նշել է ԱԺ փոխնախագահը:

Ավելի վաղ միջադեպի վերաբերյալ հայտարարությամբ էր հանդես եկել ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը, որը ՍԾՏՀ ԽՎ-ի հոբելյանական 25-րդ տարում Ուկրաինայի մայրաքաղաքում տեղի ունեցած լիագումար նիստի ժամանակ աննախադեպ երևույթը որակել է որպես վիրավորանք ոչ միայն հայկական պատվիրակության, այլև բոլոր պատվիրակությունների և ընդհանուր կառույցի հանդեպ:

«ՍԾՏՀ ԽՎ-ի 25-ամյա պատմության ընթացքում նման դեպք երբեք չի եղել, և մենք այդ գործելաոճը գնահատում ենք իբրև կառույցի ավանդույթների և էության ոտնահարում: Նման աշխատաոճն անընդունելի և դատապարտելի է ցանկացած խորհրդարանական վեհաժողովի համար: Իբրև բողոքի նշան՝ հայկական պատվիրակությունը լքել է Վեհաժողովի դահլիճը»,-ասվում է հայտարարության մեջ:

ՍԾՏՀ ԽՎ-ում հայկական պատվիրակությունը բոլոր պատվիրակություններին կոչ է արել չտրվել սադրանքների, տնտեսական կառույցը չծառայեցնել որոշ պետությունների քաղաքական շահերին, դատապարտել այսօրինակ գործելաոճը և վերադառնալ կառուցողական համագործակցության դաշտ, ինչը բխում է ՍԾՏՀ ԽՎ-ի էությունից և ավանդույթներից: