30 նոյեմբերի 2017 - 14:12 AMT
ՌԴ նախագահի ընտրության լոգոյից դժգոհ են. Սարկիսովի ընկերությանը 37 մլն ռուբլի են վճարել

Նոյեմբերի 29-ին Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է 2018-ին կայանալիք նախագահական ընտրությունների լոգոտիպը: Այն մշակել է «ԻՄԱ-Կոնսալտինգ» ընկերությունը, որի գլխավոր տնօրենը Վարդան Սարկիսովն է:

Ընկերությունը հաղթել է ԿԸՀ-ի հայտարարած մրցույթում:

«Սա նախագահական ընտրություններին ընդառաջ մշակված 100 լոգոտիպից մեկն է: Այն ընտրվել է սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքների հիման վրա՝ գերազանցելով մյուս առաջարկները»,--ասվում է ԿԸՀ հաղորդագրության մեջ:

Սարկիսվը հայտնել է, որ ընկերությունն ուսումնասիրել է լոգոտիպի 77 տարբերակ 12 քաղաքում: Արդյունքում եկել են եզրակացության, որ ընտրողները «օրիգինալ լուծումներ չեն ակնկալում», իսկ ստացված լոգոտիպի տեսքը «պետականորեն հիմնավոր է, պահպանողական, բայց ոչ արխաիկ»,հայտարարել է Սարկիսովը:

«ԻՄԱ-Կոնսալտինգի» հետ պայմանագիրը կնքվել է 37 մլն ռուբլով, գրում է Meduza-ն:

Սոցցանցերի օգտատերերը քննադատել են լոգոտիպն ու նույնիսկ ենթադրել, որ վրան պատկերված դրոշը նմանակված է մեկ այլ լուսանկարից:

«ԻՄԱ-Կոնսալտինգ» PR գործակալությունը հիմնվել է 1999-ի գարնանը: 2011-ին Վարդան Սարկիսովն ընդգրկվել է ՌԴ PR ոլորտի 30 նշանակալի անձանց ցանկում, ըստ «Մեդիալոգիա» ընկերության: