2018-ին Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման վրա չի ազդի այն փաստը, որ ռուսական թիմը կարող է զրկվել Փհենչհանում Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից: Այդ մասին հայտարարել է ՖԻՖԱ նախագահ Ջաննի Ինֆանտինոն:
«Չեմ հասկանում, ինչու ենք ընդհանրապես այդ մասին խոսում: Աշխարհի առաջնությունը դրա հետ ոչ մի կապ չունի: Ես արդեն խոսել եմ այդ մասին, մենք չենք ցանկանում շահարկել այդ թեման»,-ասել է նա՝ հավելելով, որ ՖԻՖԱ-ն ոչ մի դիտողություն չունի Ռուսաստանի հետ կապված, հայտնում է championat.com-ը:
«Մենք ստուգում ենք բոլոր ֆուտբոլիստներին և մրցումների ժամանակ, և դրանցից դուրս՝ Եվրոյում, Համադաշնությունների գավաքում՝ թեստերը միշտ բացասական են եղել: Եթե ինչ-որ մեկը մի օր կխախտի, այն ժամանակ էլ կխոսենք: Սակայն, բարեբախտաբար, այստեղ ասելիք չկա»,-ասել է նա: