2 դեկտեմբերի 2017 - 15:29 AMT
PicsArt Animator-ը ճանաչվել է տարվա լավագույն ժամանցային հավելված

Google Play–ը հայկական PicsArt Animator-ը ճանաչել է տարվա լավագույն ժամանցային հավելված։ Հավելվածի միջոցով կարելի է սթիքերների, էմոջիների և այլ գործիքների կիրառությամբ ստեղծել անիմացիոն պատկերներ, մուլտեր:

PicsArt Animator-ը հայկական PicsArt ընկերության կողմից գործարկված հավելված է:

Ամենալավ ժամացային հավելվածների ցանկում են ընդգրկվել նաև գունազարդման հավելվածներ InColor–ը, HOOKED–Chat Stories–ը, Adobe Photoshop Sketch–ը, ինչպես նաև Intimind մեդիտացիոն հավելվածը։

PicsArt ֆոտոխմբագրման հավելվածը 2017-ի հոկտեմբերին հատել էր 100 միլիոն ակտիվ օգտատերերի շեմը: Այն ամբողջ աշխարհում ներբեռնվել է 450 միլիոն անգամ, 30 լեզուներով: Հավելվածում օգտատերերի խմբագրած նկարների քանակը հասնում 850 մլն-ի:Մեծ տարածում ստացած լայն հնարավորություններով գրաֆիկական խմբագիրը մշակվել է 2011-ի հայկական թիմի կողմից: Այն ունի պատկերների խմբագրման լայն հնարավորություններ և հարյուրավոր գործիքների ու էֆեկտների միջոցով ֆոտոմոնտաժի հնարավորություն, որոնք կարելի է գտնել միայն մասնագիտացված ծրագրերում: