5 դեկտեմբերի 2017 - 13:30 AMT
Հայաստանը 2017-ին աշխարհում 3-րդ ռազմականացված երկիրն է

Հայաստանն ավելի քան 150 երկրների շարքում երրորդ տեղն է զբաղեցրել «Համաշխարհային ռազմականացվածության ինդեքս 2017» վարկանիշում: Բոննի Կոնվերսիայի միջազգային կենտրոնի (BICC) զեկույցի համաձայն՝ ամենառազմականավցած երկիրն Իսրայելն է, որին հաջորդում է Սինգապուրը:

Հայաստանին վարկանիշում հաջորդում են Ռուսաստանը, Հարավային Կորեան, Քուվեյթը, Հորդանանը, Կիպրոսը, Հունաստանը և Բրունեյը: Ընդ որում, Հայաստանն ամենառազմականացված երկիրն է նաև Եվրոպայում: Մայրցամաքում երկրորդ տեղում Ռուսաստանն է, երրորդ տեղում՝ Կիպրոսը, չորրորդ հորիզոնականում՝ Հունաստանը:

Զեկույցները կազմվում են 1000 շնչին հասնող զինվորականների, ռազմական ծախսեր/ՀՆԱ և ռազմական ծախսեր/առողջապահության ծախսեր հարաբերակցության, զինվորականների քանակի ու ծանր սպառազինության քանակի ցուցանիշների հիման վրա:

Ադրբեջանը վարկանիշում նահանջել է 2կետով՝ 2017-ին զբաղեցնելով 11-րդ տեղը 2016-ի 9-րդ տեղի փոխարեն: 2017-ին Հայաստանի ՀՆԱ-ի 5,8%-ն ուղղվել է ռազմական ծախսերին: Ադրբեջանի դեպքում այս թիվը կազմում է 5,7%:

Զեկույցում նշվում է, որ Հայաստանը և Ադրբեջանը, պայմանավորված Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ, մեծ ռեսուրսներ են հատկացնում երկրների զինված ուժերի արդիականացման համար:

2007-2009 թվականներին Հայաստանը ռազմականացվածությամբ աշխարհում ութերորդն էր, 2010-2012 թվականներին՝ չորրորդը, 2013-ից ի վեր Հայաստանը գտնվում է ամենառազմականացված երկրների երրորդ հորիզոնականում: Իսրայելը և Սինգապուրն ամենառազմականացված երկրներն են աշխարհում 2007 թվականից ի վեր: