5 դեկտեմբերի 2017 - 17:34 AMT
Արցախի ԱԳ նախարարը՝ իրանական ԶԼՄ-ին. Նաև Իրանի շահերից է բխում ԼՂ հետ ընդհանուր սահմանի պահպանումը

Արցախն իր բոլոր հարևանների, այդ թվում և Իրանի հետ ցանկանում է բարիդրացիական հարաբերություններ ստեղծել: Այս մասին իրանական հեղինակավոր «Շարղ» օրաթերթին տված հարցազրույցում ասել է Արցախի հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը։

«Մենք գնահատում ենք ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Իրանի քաղաքականությունը, որը հավասարակշռված է և հիմնականում չեզոք բնույթ է կրում: Հատկանշական է, որ Իրանը 1992 թվականի առաջին կեսին այս հակամարտության կարգավորման հարցում հանդես է եկել որպես միջնորդ, որը խոսում է այն մասին, որ Իրանը շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության ապահովման գործում», - ասել է Մասիս Մայիլյանը:

Նրա խոսքով՝ չնայած երկու ժողովուրդների կողմից միմյանց հանդեպ բարիդրացիական տրամադրվածությանը՝ Արցախի և Իրանի միջև սահմանը մնում է փակ, ինչն անբնական է:

«Համոզված եմ, որ նաև Իրանի շահերից է բխում Արցախի հետ պահպանել ընդհանուր սահմանը։ Կարծում եմ, որ դա համահունչ է նաև տարածաշրջանում հետաքրքրված այլ դերակատարների շահերին», - ասել է նախարարը:

Մայիլյանն անդրադարձել է նաև Արցախի պատմական շրջաններին, որոնք ներկայումս գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ:

«Արցախի Հանրապետության մի շարք տարածքներ, օրինակ, Շահումյանի շրջանը, Մարտակերտի և Մարտունու շրջանների մի մասը, որոնք կազմում են հանրապետության տարածքի մոտավորապես 15 տոկոսը, մինչև օրս օկուպացված են Ադրբեջանի կողմից: Արցախի իրավազորության տակ գտնվող տարածքներն ամրագրված են համաժողովրդական հանրաքվեով ընդունված Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, որն արտահայտում է մեր ժողովրդի կամքը», - ասել է Մայիլյանը: