5 դեկտեմբերի 2017 - 18:58 AMT
«Ֆիլիպ Մորիսը» կաջակցի ԵՊՀ-ի կրթական և հետազոտական ծրագրերին

Դեկտեմբերի 5-ին Երևանի պետական համալսարանը և «Ֆիլիպ Մորիս Արմենիա ՍՊԸ»-ն ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր՝ հիմքեր ստեղծելով ՖՄԱ-ի կողմից ԵՊՀ գիտական և կրթական ծրագրերի, գիտահետազոտական նախաձեռնությունների իրագործմանն աջակցելու համար։

Հուշագիրը միտված է նաև հայ տաղանդավոր երիտասարդներին համաշխարհային հեղինակություն վայելող գիտնականների հետ գործակցության հնարավորություններ ստեղծելուն:

«Չափազանց ոգևորված ենք հայ տաղանդավոր երիտասարդ գիտնականներին համաշխարհային հեղինակություն վայելող և իրենց ոլորտներում առաջատար գիտնականների հետ շփման հնարավորություն ընձեռելով», - ասաց «Ֆիլիպ Մորիս Արմենիայի» գլխավոր տնօրեն Նատալիա Մայորովան։

Գործակցության շրջանակում նախատեսվում է նաև մագիստրոսական և ասպիրանտական ծրագրերի ստեղծում։ «Ֆիլիպ Մորիս» ընկերության գիտահետազոտական կենտրոններ են տեղակայված Շվեյցարիայում և Սինգապուրում: Կենտրոններում ներկայումս կատարվում են հիմքային ու կիրառական հետազոտություններ քիմիայի, կենսաբանության, ֆիզիկայի, մաթեմատիկայի, ինժեներության, թերմոդինամիկայի և այլ ոլորտներում։

«Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ»-ը միջազգային ծխախոտային առաջատար ընկերություն է, որի արտադրանքը վաճառվում է մոտ 180 երկրում: Ընկերությանը պատկանում է 56 արտադրող գործարան՝ տեղակայված աշխարհի 33 երկրում: