6 դեկտեմբերի 2017 - 12:14 AMT
Արփինե Հովհաննիսյան. ԵԽ նախարարների կոմիտեն դատական քննություն է հարուցել Ադրբեջանի դեմ

Դեկտեմբերի 5-ին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն հարուցել է նախադեպը չունեցող դատական քննություն Ադրբեջանի կողմից Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից կայացված վճիռը չկատարելու վերաբերյալ: Այդ մասին հայտնել է ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը:

Նախկինում որևէ պետության վերաբերյալ նախարարների կոմիտեն նման որոշում չի կայացրել, ասվում է նրա ֆեյսբուքյան գրառման մեջ:

«Հիշեցնեմ, որ գործը վերաբերում էր ադրբեջանցի հայտնի ընդդիմադիր Իլգար Մամեդովի ապօրինի դատապարտմանը: Սկսած 2014 թվականից՝ և՛ նախարաների կոմիտեն, և՛ խորհրդարանական վեհաժողովը բազմիցս ընդունել են որոշումներ և բանաձևեր՝ կոչ անելով ադրբեջանական իշխանություններին ազատ արձակել Մամեդովին, սակայն ՄԻԵԴ վճռից 3 տարի անց էլ Մամեդովը շարունակում էր մնալ անազատության մեջ»,-ասվում է գրառման մեջ:

Հովհաննիսյանը նշել է, որ առաջին անգամ Ադրբեջանի նկատմամբ այս աննախադեպ ներգործության միջոցը կիրառելու վերաբերյալ մտադրությունները հնչեցվել էին աշնանը:

«Ադրբեջանը զգուշացվել էր, որ եթե մինչև նոյեմբերի 29-ը չկատարի ՄԻԵԴ որոշումը, իր նկատմամբ կսկվի քննություն ՄԻԵԴ Մեծ Պալատում, սակայն նույնիսկ բազմաթիվ զգուշացումների պարագայում ադրբեջանական իշխանությունները նախընտրեցին հնչեցնել կեղծ մեղադրանքներ, քան կատարել ՄԻԵԴ որոշումը», - գրել է Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում։

2017-ի նոյեմբերի 20-ին սպառվել է ԵԽ նախարարների կոմիտեի ժամկետը, որը սահմանվել էր Ադրբեջանի համար, որպեսզի վերջինս բացատրություններ տա, թե ինչու չի կատարվում ՄԻԵԴ որոշումը բանտից ընդդիմադիր Իլգար Մամեդովին ազատ արձակելու վերաբերյալ: Մամեդովը ընդդիմադիր Հանրապետական այլընտրանք շարժման առաջնորդն է:

Մամեդովը ձերբակալվել է 2013-ին և դատապարտվել 7 տարվա ազատազրկման քաղաքական գործունեության համար: