6 դեկտեմբերի 2017 - 14:05 AMT
Georgian Airways-ի օդաչու Նադեժդա Բենքլյանին պարգևը հանձնել է NASA-ի աստղագնացը

Վրաստանի քաղավիացիայի միակ կին օդաչուն՝ 25-ամյա Նադեժդա Բենքլյանը, պարգևատրվել է ԱՄՆ դեսպանության կողմից՝ «Կնոջ առաջնորդության և արիության համար»: Պարգևը նրան հանձնել է NASA-ի աստղագնաց Հայդի Փայփերը:

Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել Վրաստանի ավիացիոն համալսարանում, որտեղ սովորել է Բենքլյանը:

«Սա մեծ պատիվ է ինձ համար, առավել ևս, որ պարգևը նման հայտնի անձնավորություն է հանձնում: Ես ուղղակի հիացած եմ նրանով: Դա մի աներևակայելի զգացողություն է, երբ այդպիսի մարդը հիանում է քեզանով: Պարզվում է, նա էլ է ժամանակին ցանկացել օդաչու դառնալ, բայց տեսողական խնդիրների պատճառով չի կարողացել»,-ասել է Բենքլյանը, հայտնում է «Sputnik-Գրուզիան»:

Նադեժդա Բենքլյանը Georgian Airways ավիաընկերության օդաչու է: Սերն ավիացիայի հանդեպ աղջիկը ժառանգել է հորից, որը ևս օդաչու է եղել: