6 դեկտեմբերի 2017 - 15:12 AMT
Ֆրանսիայի ազգային հերոս Թորիկյանի պատվին հուշատախտակ կբացվի Ֆումելում

Դեկտեմբերի 9-ին ֆրանսիական Ֆումել քաղաքում նոր հուշատախտակ կբացվի՝ նվիրված Ֆրանսիայի Ազգային հերոս և Դիմադրության մասնակից Ջոն Թորիկյանի հիշատակին:

Հուշատախտակը կբացվի այն փողոցում, որտեղ ապրում էր Թորիկյանների ընտանիքը և որը կրում է հերոսի անունը, հայտնում է Rusarminfo-ն:

Ջոն Թորիկյանը սպանվել է 1944-ին, 17 տարեկանում՝ առաջադրանք կատարելիս:

Ջոն Թորիկյանը ծնվել է 1927-ին Ֆրանսիայում հայ ներգաղթյալների ընտանիքում: 15 տարեկանում նա կեղծել է փաստաթղթերը, որպեսզի նրան ընդունեն Ֆրանսիական Դիմադրության շարքերը: 1944-ի օգոստոսի 17-ին նրան հանձնարարել են պայթեցնել երկաթուղին, կասեցնելու համար գերմանական զորքերի հարձակումը, սակայն, առաջին առաջադրանքից վերադառնալիս, Թորիկյանի խումբը գնդակոծվում է, իսկ վիրավոր Ջոնին և նրա ընկերներին գերմանացիները ծեծելով սպանում են: Թորիկյանն այդ ժամանակ 17 տարեկան էր: