25 փետրվարի 2008 - 15:06 AMT
ԵԽՆԿ. Նախագահական ընտրությունները Հայաստանում մեկ քայլ առաջ արձանագրեցին
Հայաստանում կայացած նախագահական ընտրությունները դրական քայլ էին երկրի ժողովրդավարական զարգացման ճանապարհին: Այդ մասին Երեւանում Հայաստանի արտգործնախարարի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Յան Կուբիշը: Նրա խոսքերով, այդ կարծիքը ԵԽ պաշտոնական դիրքորոշումն է, որն արտահայտվել է նաեւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցում: «Իմ այցը Հայաստան կայացավ հանրապետության համար կարեւոր ետընտրական շրջանում: Անցած նախագահական ընտրությունները քննարկումների առարկա կդառնան բարձրաստիճան պաշտոնյաների եւ ընդդիմության ներկայացուցիչների հետ հանդիպումներում»,-ասել է Կուբիշը:

Նա նաեւ ընդգծել է, որ համոզված է թե Հայաստանի կառավարությունը հաշվի կառնի ԵԱՀԿ-ի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի խորհուրդներն ու դիտողությունները երկրում անցկացվող ընտրությունների որակը բարձրացնելու համար: Յան Կուբիշն ասել է, որ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ քննարկվել են նաեւ տարածաշրջանային հարցեր, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը:

Իր հերթին ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ բանակցություններում քննարկվել են ԵՄ շրջանակներում բոլոր ոլորտներում, մասնավորապես, մշակույթի ոլորտում Հայաստանի եւ Սլովակիայի համագործակցությանը նվիրված հարցեր: