7 դեկտեմբերի 2017 - 11:28 AMT
Էրդողանը կոչ է արել վերանայել Լոզանի պայմանագիրը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հունաստան այցից ժամեր առաջ հայտարարել է, որ Լոզանի պայմանագիրը թարմացման կարիք ունի: Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչն արդեն հակադարձել է, որ Էրդողանի հարցազրույցի հետ կապված «լուրջ մտավախություններ» կան:

Էրդողանը երկօրյա այցով Հունաստանում կլինի դեկտեմբերի 7-8-ը: Թուրքիայի նախագահը վերջին անգամ այցելել է Թուրքիա 65 տարի առաջ՝ 1952-ին, սակայն, Էրդողանը եղել է Հունաստանում, երբ զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը:

Լոզանի պայմանագիրը, ի թիվս այլ հարցերի, հաստատում է երկու երկրների միջև անցնող սահմանը և ամրագրում է Հունաստանի իրավասությունը Էգեյան ծովում, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Երբ խոսում եմ թարմացման մասին, նկատի ունեմ, որ կարող ենք քննարկել ամեն ինչ՝ ալֆայից մինչև օմեգա: Հնարավոր է, որոշ հարցեր նյարդայնացնեն Հունաստանին, բայց մենք կարող ենք նստել ու քննարկել»,-ասել է Էրդողանը՝ հավելելով, որ քննարկումը կառնչվի ոչ միայն Հունաստանին, այլ ամբողջ տարածաշրջանին:

Լոզանի պայմանագրով են որոշված նաև Թուրքիայի սահմանները Իրաքի, Բուլղարիայի ու Սիրիայի հետ: Լոզանի պայմանագիրը չի անդրադարձել հայ-թուրքական սահմանին։ Սրա պատճառն այն է, որ այն արդեն իսկ և մեկընդմիշտ որոշված էր ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի անբեկանելի և կատարման համար պարտադիր իրավարար վճռով (նոյեմբերի 22, 1920)։

Էրդողանի հայտարարությունը կտրուկ հակասում է Հունաստանի դիրքորոշմանը, որը 1923-ի Լոզանի պայմանագիրը համարում է անվիճելի հիմք երկկողմ հարաբերությունների համար: Այդ դիրքորոշումը հաստատել է նաև Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը:

Լոզանի խաղաղ պայմանագիրը, որը կնքվել է 1923թ. հուլիսին մի կողմից Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Հունաստանի, Ռումինիայի, Հարավսլավիայի, և մյուս կողմից Թուրքիայի միջև, հաստատել է Թուրքիայի նոր սահմանները` իրավաբանորեն ձևակերպելով Օսմանյան կայսրության փլուզումը:

Էրդողանը սեպտեմբերի 29-ին հայտարարել էր, որ Թուրքիայի հակառակորդները պայմանավորվել են ստորագրել այդ համաձայնագիրը: Ըստ թուրք նախագահի, Լոզանում թուրքերը Հունաստանին հանձնեցին Էգեյան ծովի կղզիները, «որտեղի ճիչերը լսվում են մեր ափին», որտեղ գտնվում են «թուրքական մզկիթներն ու սրբությունները»: «Այդ խնդիրներն առաջացան այն մարդկանց պատճառով, որոնք նստած էին Լոզանում սեղանի շուրջ և չկարողացան պաշտպանել մեր իրավունքները»,-ասել է Էրդողանը: