7 դեկտեմբերի 2017 - 11:52 AMT
ՄՕԿ-ը կհոգա ռուս մարզիկների ծախսերն Օլիմպիադայում

ՄՕԿ ղեկավար Թոմաս Բախը քննարկել է Փհենչհանի Օլիմպիադային ռուսաստանցի մարզիկների մասնակցության ֆինանսական հարցը:

«Եթե ՄՕԿ-ն է հրավիրում մարզիկներին, ապա մենք հոգում ենք բոլոր ճանապարհային ծախսերը: Մեր որոշումից պարզ է դառնում, որ այդ մարզիկները չեն տարբերվի մյուս մասնակիցներից: Նրանք կտեղավորվեն անվճար, կսնվեն անվճար, կհատուցվի նաև նրանց սպասարկող անձնակազմի ծախսերի մի մասը»,-ասել է Բախը մամուլի ասուլիսում, հայտնում է Eurosport-ը:

Դեկտեմբերի 5-ին ՄՕԿ-ը հայտարարեց ՌԴ Օլիմպիական կոմիտեի որակազրկման մասին և հայտնեց, որ 2018-ի Օլիմպիադային կարող են մասնակցել միայն այն ռուսաստանցի մարզիկները, որոնց մոտ խթանիչների օգտագործում չի հայտնաբերվել:

Ձմեռային օլիմպիադան կանցնի Փհենչհանում փետրվարի 9-25-ը: