7 դեկտեմբերի 2017 - 15:52 AMT
Սյունիքի զբոսաշրջությունը զարգացնող «Հին Խնձորեսկ» ծրագիրը կառավարությունում է

Կառավարությունը քննարկելու է Սյունիքի մարզի զբոսաշրջային գրավչությունը բարձրացնող «Հին Խնձորեսկ» 2018-2025 թվականների ներդրումային ծրագրին հավանություն տալու որոշման նախագիծը: Այն ներառված է դեկտեմբերի 7-ի նիստի օրակարգում:

«Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ի «Հին Խնձորեսկ» 2018-2025 թվականների ներդրումային ծրագիրի շրջանակում նախատեսվում է զարգացնել Սյունիքի մարզի զբոսաշրջային ենթակառուցվածքները, ինչպես նաև ֆունիկուլյոր, զիփլայն, ակտիվ հանգստի և առողջապահական համալիրներ ու հյուրանոց կառուցել։

Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է մոտ $ 25 մլն ներդրում և 400-ից ավելի աշխատատեղի ստեղծում։ Նախատեսվում է նաև ապահովել Գորիս և շրջակա համայնքներ այցելող զբոսաշրջիկների թվի աճ՝ հասցնելով տարեկան մոտ 400.000 այցելուի։

Ավելի վաղ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի ներկայությամբ, «Հայհիդրոէներգանախագիծ»-ի և «Դոփփելմեյր Գարավենտա» խմբի (Doppelmayr Garaventa Group) վերազգային ընկերության անդամ «Գարավենտա ԱԳ» (Garaventa AG) շվեյցարական ընկերության միջև Խնձորեսկ գյուղում $ 6,1 մլն արժողությամբ ֆունիկուլյոր կառուցելու պայմանագիր էր ստորագրվել։

Ֆունիկուլյորը ճոպանաքարշով ռելսուղի է, որը նախատեսված է կտրուկ վերելքով ուղևորների և բեռների փոխադրման համար։ Կիրառվում է քաղաքներում, առողջարանային կենտրոններում, ինչպես նաև լեռնային շրջաններում, արդյունաբերական ձեռնարկություններում։ Ֆունիկուլյորը կարող է լինել մեկ կամ երկու վագոններով (առավել տարածված)։ Ռելսուղին միալար է, մեջտեղում՝ ուղեբաժանքով։