25 փետրվարի 2008 - 18:51 AMT
Երեւանում բանաձեւ է ընդունվել` անհանդուրժողականության եւ այլատյացության անթույլատրելիության մասին
Երեւանում կայացած «Հանդուրժողականության եւ այլատյացության խնդիրները Հարավային Կովկասի տարածաշրջանում, խաղաղության եւ վստահության հաստատմանն ուղղված մարտահրավերները» խորագրով միջազգային խորհրդաժողովի ավարտին ընդունվել է բանաձեւ, որտեղ կոչ է արվում թույլ չտալ անհանդուրժողականության դրսեւորումներ հարեւան երկրների եւ ժողովրդների պատմության եւ պատմական ժառանգության հանդեպ, ինչպես նաեւ պատմության վերանայում: «Դրա վառ օրինակ կարող է ծառայել Ադրբեջանի Հանրապետությունում Նախիջեւանի Հին Ջուղայի միջնադարյան հայկական գերեզմանոցի բարբարոսական ոչնչացումը»,-ասվում է բանաձեւում:

Խորհրդաժողովի մասնակիցները դիտարկում են միջմշակութային երկխոսությունն եւ մշակույթների փոխազդեցությունը որպես փոխադարձ վստահության մթնոլորտի հաստատման գերակա ուղիներից մեկը, որը նպաստում է պատերազմի եւ ռեվանշիզմի մշակույթի փոխարինմանը խաղաղության մշակույթով: «Մենք կոչ ենք անում հանրությանը, ինչպես նաեւ տարածաշրջանի երկրների կառավարություններին Համակողմանի աջակցություն ցուցաբերել տարածաշրջանում ազգամիջյան խաղաղության եւ միջկրոնական համաձայնության հաստատմանը»,-ասվում է ընդունված փաստաթղթում:

Նշենք, որ խորհրդաժողովը նվիրված էր Ադրբեջանական ԽՍՀ Սումգաիթ քաղաքում հայ բնակչության ջարդերի 20-րդ տարեդարձին: 1988 թվականի փետրվարի 27-29-ին Սումգաիթում, որը գտնվում է Բաքվից 40 կմ հեռավորության վրա, սկսվեցին հայկական ջարդերը, որոնց արդյունքում պաշտոնական տվյալներով զոհվեցին 32 հոգի, իսկ շուրջ 20 հազար հայեր ստիպված եղան լքել քաղաքը: Սումգաիթյան իրադարձությունները առաջին էթնիկ ջարդերն էին ԽՍՀՄ տարածքում: