7 դեկտեմբերի 2017 - 18:01 AMT
Ուզբեկական հումոր, ձիով ձկնորսություն. ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության ցանկի զավեշտները

Դեկտեմբերի 4-9-ը Հարավային Կորեայի Չեջուդո կղզում անցկացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության հարցերով միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նստաշրջանը: Եվ մինչ նստաշրջանի ընթացքում միջազգային կազմակերպության գնահատման մարմնի փորձագետները շարունակում են ընդլայնել մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը, բավարարելով տարբեր երկրներից ներկայացված տասնյակ հայտեր, PanARMENIAN.Net ը որոշեց ի մի բերել ցանկում հայտնված ամենատարօրինակ մշակութային արժեքները:

Ուզբեկական հումորը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության մեջ է հայտնվել 2014-ին: «Ակսիա» կոչվող ուզբեկական հումորի և սրամտության արվեստը ներկայացվում է երկու և ավել զրուցակիցների մասնակացությամբ, որոնք մրցում են միմյանց հետ հումորով, որևէ թեմայի շուրջ իրենց խոսքի սրությամբ, ինքնատիպությամբ:

Ձիու վրա նստած ձուկ որսալու ավանդույթը ձևավորվել է բելգիական Օստդյունկերկ շրջանում: 2013-ին ցանկում հայտնված ավանդույթը պահպանում են տեղի 15 ձկնորսներ: 1950-ականներից նույնիսկ փառատոն է իրականացվում՝ նվիրված այս ավանդույթին, այն ամեն տարի Օստդյունկերկ է բերում մոտ 10.000 զբոսաշրջիկի:

Վրացական այբուբենը ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում հայտնվել է 2016-ին: Այն աշխարհում գոյություն ունեցող այբուբեններից միակն է ամբողջ ցանկում:

Պարզվում է՝ գոյություն ունի «բուլղարական» ին-յան: Դա «Մարտենիտցա» կոչվող սպիտակ և կարմիր թելերից պատրաստված պարզունակ տիկնիկ է, որը խորհրդանշում է կնոջն ու տղամարդուն, կյանքն ու կիրքը, չարն ու բարին:

ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրված են մոտ 400 մշակութային ավանդույթներ՝ ազգային երգեր և պարեր, ծիսակատարություններ, տարազներ, բաղադրատոմսեր և այլն: Հատկանշական է, որ զարգացած տնտեսություն ունեցող երկրներից ավելի շատ ներկայացվում են տեղական մարկարդակի իրադարձություններ, ոչ լայն ընդգրկում ունեցող ավանդույթներ, զվարճալի և տարօրինակ համայնքային փառատոններ և այլն: Սա խոսում է այն մասին, որ հարուստ մշակութային ժառանգություն և բարձր քաղաքակարթական անցյալ ու ներկա ունեցող այս երկրենրի քաղաքացիների համար իրենց մշակութային արժեքները ՅՈւՆԵՍԿՕ-ի ցանկում «խցկելն» ամենևին ազգային արժանապատվության հարց չէ:

Պատկերն այլ է զարգացող երկրների պարագայում, որոնք ոչ միայն ներկայացնում են իրենց մշակութային քաղաքակրթական ամենաբարձր արժեքները, այլ նաև անվերջանալի հակամարտության մեջ են հարևանների հետ այդ արժեքների ծագման և պատկանելիության հարցերի շուրջ: