25 փետրվարի 2008 - 21:28 AMT
Երեւանի քաղաքապետարանը պահանջում է դադարեցնել չարտոնված հանրահավաքներն ու երթերը
Չարտոնված հանրահավաքներն ու երթերը խախտում են Երեւանի կյանքի նորմալ ընթացքը, տրանսպորտային խցանումներ են ստեղծվում կենտրոնական փողոցներում, հրապարակներում եւ մայրաքաղաքի խաչմերուկներում, ինչպես նաեւ խանգարում են քաղաքացիների ազատ երթեւեկությանը: Այդ մասին ասվում է Երեւանի քաղաքապետարանի մամլո ծառայությունում: «Երեւանի քաղաքապետարանը կոչ է անում կազմակերպիչներին եւ մասնակիցներին դադարեցնել չարտոնված հանրահավաքները եւ նստացույցը: Հինգերորդ օրն անընդմեջ խախտվում է ՀՀ օրենքը «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին»: Հանրահավաքների անցկացման վայրերում հակահիգիենիկ եւ հակասանիտարական պայմաններ են ստեղծվել, գիշերը Ազատության հրապարակում չեն հետեւում լռության պահպանության կանոններին, ինչը խախտում է մոտակայքում բնակվող քաղաքացիների անդորրն ու հանգիստը, ինչը առաջացնում է բնակիչների արդարացված դժգոհությունները: Քաղաքապետարան են դիմում հազարավոր երեւանցիներ, հայտնելով իրենց անհանգստությունը: Անընդունելի համարելով ստեղծված իրավիճակը` քաղաքապետարանը կոչ է անում զանգվածային միջոցառումների կազմակերպիչներին եւ մասնակիցներին դադարեցնել չարտոնված հանրահավաքները, երթերն ու նստացույցը եւ վերականգնել մայրաքաղաքի կյանքի նորմալ ընթացքը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ փետրվարի 20-ից Երեւանի Ազատության հրապարակում անցնում է արմատական ընդդիմության հանրահավաքը, որը համաձայն չէ քվեարկության արդյունքների հետ: Հայաստանի ԿԸՀ-ի ներկայացրած վերջնական արդյունքների համաձայն, Հայաստանի նոր նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը, ով հավաքել է ընտրողների ձայների 52,82 տոկոսը: