9 դեկտեմբերի 2017 - 11:55 AMT
Կոնգրեսական. ԱՄՆ-ն բարձր է գնահատում ՀՀ դերը քրիստոնեությունը պաշտպանելու գործում

ԱՄՆ-ն բարձր է գնահատում Հայաստանի դերը քրիստոնեությունը պաշտպանելու և քրիստոնյաներին ապաստան տալու գործում: Այդ մասին հայտարարել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար կոնգրեսական Էդ Ռոյսը՝ նշելով, որ Միացյալ Նահանգների հիմնադիր հայրերը կառուցել են այս երկիրը, հիմնվելով առաջին հերթին Աստվածաշնչի արժեքների վրա:

«Այսօր ԱՄՆ-ն պետք է պատասխանատվություն ստանձնի պաշտպանելու քրիստոնյաներին: Այսօր, երբ Մերձավոր Արևելքում քրիստոնյաների վրա հարձակվում են, նրանց դուրս են հանում տներից, խոշտանգում, բռնաբարում, սպանում հավատքի համար, մենք պարտավոր ենք դադարեցնել այդ ամենը»,-ասել է նա, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Ելույթ ունենալով Վաշինգտոնում անցած Կրոնական ազատության միջազգային համաժողովում՝ ԱՄՆ-ի ազդեցիկ կոնգրեսականն ընդգծել է, որ այսօր Միացյալ Նահանգներն աշխարհի պատմության մեջ հզորագույն պետությունն է, ինչը հատուկ պատասխանատվություն է նախատեսում.«Հաշվի առնելով մեր ամբողջ դիվանագիտական թափը, մեր ամբողջ հզորությունը, եթե մեզ չհաջողվի վերջ դնել քրիստոնյաների հալածանքներին, ուրեմն մենք բավարար չենք ջանում»,-ասել է կոնգրեսականը:

Էդ Ռոյսը նշել է, որ վերջին շրջանում այցելել է Իրաքում քրիստոնեական եկեղեցիներ, հանդիպել տեղի քրիստոնյա բնակչության հետ, ինչպես նաև՝ Հայաստանում հանդիպել է Մերձավոր Արևելքից գաղթած քրիստոնյաներին.«Պատճառներից մեկը, որ մենք աջակցում ենք ու շարունակելու ենք աջակցել Հայաստանին այն է, որ Հայաստանն ապաստան է տվել բազմաթիվ քրիստոնյա փախստականների»:

Էդ Ռոյսը նշել է, որ Միացյալ Նահանգները նախատեսում է Նինվեի հովտում պայմաններ ստեղծել, որպեսզի Իրաքի քրիստոնյա բնակչությունը վերադառնա հայրենի հող, սակայն այս պահին Իրաքի և Սիրիայի քրիստոնյաներից շատերը դեռևս ապաստանի կարիքն ունեն.«Մենք խորը հարգանք ենք տածում և բարձր ենք գնահատում Հայաստանի դերը քրիստոնեությունը պաշտպանելու և քրիստոնյաներին ապաստան տալու գործում»:

ԱՄՆ մի շարք կոնգրեսականներ և ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներ փորձում են Հայաստանի համար հավելյալ ամերիկյան օգնություն ապահովել, որն այնուհետև կտրամադրվի Հայաստանում ապաստան գտած Իրաքի և Սիրիայի հայերին: