11 դեկտեմբերի 2017 - 12:56 AMT
Հյուսիսային պողոտայի Ամանորի և Սուրբ ծննդյան ավանդական տոնավաճառը բացվել է

Երևանի քաղաքապետարանի և «Պասկալ և Դիոդատո» կազմակերպության նախաձեռնությամբ մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայում տեղի է ունեցել արդեն ավանդական դարձած Ամանորի և Սուրբ ծննդյան տոնավաճառի բացման հանդիսավոր արարողությունը: 6-րդ տարին անընդմեջ անցկացվող տոնավաճառի բացման պատիվն այս անգամ վերապահվել է ամերիկահայ երգիչ, երգերի հեղինակ, «Գրեմմի» մրցանակակիր Capital Cities փոփ խմբի անդամ Սեպուհ Սիմոնյանին:

Տոնավաճառի մոտ 40 տաղավարում ներկայացված են Ամանորի և Սուրբ ծննդյան խորհրդանիշներ, տոնական զարդեր, հուշանվերներ, տոնական կերակրատեսակներ և այլն: Հատկանշական է, որ կային նաև մի շարք բարեգործական տաղավարներ:

Տոնավաճառի բացման արարողությանը ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Տոնավաճառը բաց կլինի մինչև 2018 թվականի հունվարի 7-ը, ամեն օր՝ ժամը 10:00 - 22:00-ն: