11 դեկտեմբերի 2017 - 15:34 AMT
7 համայնքի ավելի քան 80 աշակերտ մասնակցել է «Ծրագրավորման ժամին»

Լոռու և Տավուշի մարզերի 7 համայնքի ավելի քան 80 աշակերտ մասնակցել է «Ծրագրավորման ժամ» (Hour of Code) միջոցառմանը: Մասնակիցները «Սմարթ» կոչվող սենյակներում մենթորների օգնությամբ բացահայտել են ծրագրավորման լեզվի մի շարք առանձնահատկություններ և առաջին անգամ իրական կոդ գրել։

Hour of Code-ը համախմբում է ավելի քան 280 մլն մասնակցի աշխարհի 180 երկրից: Միջոցառումը Հայաստանում անցկացվում է արդեն չորրորդ տարին:

Միջոցառումն իրականացվել է Հայաստանում «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի և «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) նախաձեռնությամբ: Ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանի խսքով՝ իրենց նպատակն է ընդլայնել և տարբեր գործընկերների միջոցով աշխատել հեռավոր համայնքներում:

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը մարզերում կնպաստի տնտեսական ակտիվությանը: Անկախ նրանից, թե որքան են հեռու դրանք մայրաքաղաքից, այդ համայնքներում ապրող երիտասարդները պետք է հնարավորություն ունենան օգտվելու նմանատիպ միջոցառումներից, ծանոթանալու ծրագրավորման ոլորտի հնարավորություններին», - ասել է Արտաշես Վարդանյանը:

«Քոաֆսմարթ» կենտրոնի բացումից հետո երեխաներին, ի թիվս այլ հմտությունների, նաև ՏՏ ոլորտի գիտելիքներ ենք փոխանցելու։ Այս նախաձեռնությունն առաջին քայլն է»,- ասել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ծրագրերի տնօրեն Էսթեր Հակոբյանը։