12 դեկտեմբերի 2017 - 11:46 AMT
Նորաբաց ImpactAim աքսելերատորը կօժանդակի ստարտափերին և գործող ձեռնարկություններին

Հայաստանում հիմնադրվել է հանրօգուտ ուղղվածություն ունեցող ձեռնարկությունների առաջին՝ ImpactAim աքսելերատորը, որի բացման արարողությանը ներկա է գտնվել նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Այս մասին հայտնում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

ImpactAim աքսելերատորը ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի գործընկերության շրջանակում ստեղծված Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի բաղադրիչներից է:

Վարչապետի խոսքով՝ ՄԱԿ-ի մտահղացմամբ այս աքսելերատորի նպատակը ստարտափերին և գործող ձեռնարկություններին առավելագույնս օժանդակելն է:

«ImpactAim-ը կօգնի հասկանալ, թե որքան ներդրումներ են անհրաժեշտ, հող նախապատրաստել այդ ներդրումների համար, աքսելերացիա անել այդ ընկերությունները, որպեսզի նաև իրենք կարողանան արդյունավետ մասնակցություն ունենալ ՄԱԿ-ի զարգացման նպատակների իրականացմանը: Աքսելերատորների ոլորտը նոր է Հայաստանի համար, և մենք չափազանց շահագրգռված ենք, որպեսզի այն ինտեգրվի մեր իրականությանը»,- ասել է վարչապետը:

Ըստ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյի՝ Հայաստանը լավ փորձարարական հարթակ է միջազգային կազմակերպությունների, հանրօգուտ ներդրողների և սոցիալական ձեռներեցների միջև ռազմավարական համագործակցության համար, և աքսելերատորի նախաձեռնությունը 2017-ի մարտին կազմակերպված «Հանրօգուտ ներդրումներ միջազգային զարգացման համար» գլոբալ գագաթնաժողովի արդյունքներից է:

«Իր տեսակով այս աքսելերատորը կլինի առաջին հարթակը՝ ուղղված նորարարական և ավելի արդյունավետ մոտեցումների միջոցով սոցիալական բարիքի ստեղծմանը», - ասել է նա:

ՄԱԶԾ հանրօգուտ ներդրումների (impact investment) ռազմավարության մաս հանդիսացող աքսելերատորը նոր նախաձեռնություն է, որի նպատակը ՄԱԶԾ-ի գլոբալ ցանցի և փորձի կիրառմամբ սոցիալական ձեռնարկությունների ու հանրօգուտ ուղղվածություն ունեցող ընկերությունների ազդեցության մեծացումն է Հայաստանում և այլ երկրներում՝ Կայուն զարգացման նպատակներին հասնելու համար:

ՄԱԶԾ-ի նախաձեռնած աքսելերացիոն ծրագիրն իրականացվելու է ImpactHub Yerevan-ի և Catalyst Foundation-ի հետ համատեղ: ImpactAim աքսելերատորի առաջին փուլին ստացվել է 96 մասնակցության հայտ՝ աշխարհի 25 երկրից: Ծրագրի առաջին փուլը մեկնարկել է 2017-ի նոյեմբերին. այն կտևի 12 շաբաթ, կմասնակցեն 7 բիզնես ընկերություն և 2 ընկերություն՝ որպես ունկնդիր: Ուսումնական դասընթացների և հատուկ ծրագրի միջոցով ընկերությունները կարող են ամրապնդել իրենց շուկայական բազան, ընդլայնել ազդեցությունը և ավելացնել ներդրումները: