26 փետրվարի 2008 - 19:39 AMT
Ղարաբաղի հակամարտության կարգավորումը պետք է մնա ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափում
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը պետք է մնա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինկսի խմբի ձեւաչափում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ԶԼՄ-ների հետ բաժնի ղեկավար Տիգրան Բալայանը: Նրա խոսքերով, պաշտոնական Երեւանը կտրականապես դեմ է ՄԱԿ Լեռնային Ղարաբաղի հարցի տեղափոխման ցանկացած փորձի, քանի որ բանակցային գործընթացը անցնում է ԵԱՀԿ հովանու ներքո: «Հայաստանը բազմաթիվ անգամներ հայտարարել է այն մասին, որ հարցի տեղափոխումը ցանկացած այլ ձեւաչափ չի աջակցի հակամարտության կարգավորմանը: Նույն կարծիքին են նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները»,- ասել է Բալայանը: Նա նաեւ հիշեցրել է, որ ՀՀ ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը երեկ հայտարարել է, որ «Ադրբեջանը կարող է օգտվել Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրադրությունից, եւ բանաձեւի հրապարակումը դրա վառ վկայությունն է»: Տիգրան Բալայանը նաեւ ընդգծել է, որ Հայաստանը ձեռնարկի բոլոր դիվանագիտական քայլերը, որպեսզի տվյալ փաստաթուղթը չստանա աջակցություն ՄԱԿ-ում:

Հիշեցնենք, որ Ադբեջանը բանաձեւի նախագիծ է ներկայացրել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողով, որում «խնդրում է հաստատել իր իրավունքը Լեռնային Ղարաբաղի սահմանների նկատմամբ»: «Գլխավոր վեհաժողովը նորից հայտարարում է, որ ոչ մի պետություն չպետք է օրինական ճանաչի իրադրությունը, որը ստեղծվել է Ադրբեջանի Հանրապետությունում տարածքների օկուպացման արդյունքում եւ չպետք է աջակցի կամ խթան հանդիսանա այդ իրադրության պահպանման համար»,- ասվում է փաստաթղթի նախագծում: