13 դեկտեմբերի 2017 - 17:22 AMT
Արմավիրի Շենիկ համայնքում արևային էլեկտրակայան է բացվել

Արմավիրի մարզի Շենիկ համայնքում պաշտոնապես բացվել է «Գրին Էներջի» արևային էլեկտրակայանը: Բացման արարողությանը ներկա է եղել նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Այս մասին հայտնում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Կայանը կառուցվել է տեղական կազմակերպություններ «Բաղրամյանշին», «ԱԿԲԱ Լիզինգ» և «Շտիգեն» ընկերությունների գործակցությամբ:

Շինարարությունն իրականացվել է 3,5 ամսում, իսկ ներդրումների ծավալը կազմել է մոտ $ 800.000: Շինարարական աշխատանքներին հարակից համայնքներից և գյուղերից ներգրավվել է 70 աշխատող:

Նախատեսվում է, որ կայանը կկարողանա ապահովել 1600 ՄՎտ/ժ տարեկան էլեկտրաէներգիայի արտադրություն: Վարչապետը ողջունել է կատարված աշխատանքը՝ նշելով, որ արևային էներգետիկան Հայաստանում զարգացման մեծ ներուժ ունի, և արևային կայանների թվի ավելացումը վկայում է ոլորտի առաջընթացի մասին: