15 դեկտեմբերի 2017 - 17:11 AMT
Հայաստանը ստանձնել է ՍԾՏՀԿ նախագահությունը

Հայաստանը Կիևում ստանձնել է ՍԾՏՀԿ՝ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության, նախագահությունը: ՍԾՏՀԿ արտգործնախարարների խորհրդի 37-րդ նիստին ներկա էր ՍԾՏՀԿ անդամ 12 պետության, 13 դիտորդ երկրի և գործընկեր կազմակերպությունների բարձրաստիճան պատվիրակություն։

ՀՀ-ն ներկայացնող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը հանձնառու լինելով ՍԾՏՀԿ ռազմավարական նպատակներին՝ վերահաստատում է իր աջակցությունը կազմակերպության տնտեսական օրակարգին, որն ուղղված է տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը, ինչը բխում է ՍԾՏՀԿ կանոնադրական նպատակներից:

Նա նշել է, Հայաստանը որպես նախագահող երկիր առաջիկա 6 ամիսների ընթացքում ուշադրության կենտրոնում կպահի ՍԾՏՀԿ տարածաշրջանում տնտեսական համագործակցության ընդլայնումը և առկա մեխանիզմների միջոցով առաջ կմղի նախագծված օրակարգը:

Անդրադառնալով ՍԾՏՀԿ բարեփոխման գործընթացին՝ Էդվարդ Նալբանդյանը համոզմունք է հայտնել, որ այս փուլում իր հիմնական առաքելությունն իրականացնելու համար ՍԾՏՀԿ-ին անհրաժեշտ են գործնական և իրատեսական քայլեր:

ԱԳ նախարարն ընդգծել է նաև, որ Կազմակերպության գործունեությունը քաղաքականացնելու ՍԾՏՀԿ որոշ անդամ երկրների համառ փորձերն ազդում են ոչ միայն տարածաշրջանի բազմակողմ տնտեսական համագործակցության, այլև Կազմակերպության բուն հիմքերի, դրա հիմնական նպատակների վրա և հարցականի տակ դնում ՍԾՏՀԿ հեղինակությանը՝ որպես արդյունավետ տարածաշրջանային տնտեսական կազմակերպություն:

Հայաստանի ԱԳ ղեկավարը նաև հավելել է, որ ՍԾՏՀԿ խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում որոշ անխոհեմ փորձերը` բարեփոխումների քողի ներքո ներգրավվելու Կազմակերպությունից առանձին ինչ-որ գործողություններում, հակասում են Կազմակերպության կանոնադրությանը, ՍԾՏՀԿ ԽՎ նպատակներին և ընթացակարգերին՝ բացասաբար ազդելով Կազմակերպության հեղինակության վրա:

Արձագանքելով Ադրբեջանի պավիրակության ղեկավարի ելույթին, Հայաստանի արտգործնախարարը նշել է, որ ՍԾՏՀԿ հարթակն իր նեղ քաղաքական շահերն առաջ մղելուն ծառայեցնելու Ադրբեջանի փորձերը խոչընդոտում են ՍԾՏՀԿ տնտեսական համագործակցությանը և դժվար թե Կազմակերպության շրջանակներում հնարավոր լինի ձեռքբերումներ ակնկալել, եթե այս հարթակը շարունակվի շահագործվել քարոզչության նպատակներով, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Ամփոփելով իր խոսքը՝ արտգործնախարար Նալբանդյանը շեշտել է. « Հայաստանն իր նախագահության ընթացքում կապավինի այն համատեղ ջանքերին, որոնք միտված են համակողմանի տարածաշրջանային համագործակցության ու տնտեսական փոխկապվածութան առաջմղմանը»: