15 դեկտեմբերի 2017 - 21:59 AMT
Աջ ղեկով մեքենաների ներմուծումն ապրիլի 1-ից կարող է արգելվել (Հարցում)

2018 թվականի ապրիլի 1-ից կարող է արգելվել Հայաստան աջ ղեկով մեքենաների ներմուծումը։

Նման արգելք է նախատեսում իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում տեղադրված, տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարարության հեղինակած որոշման նախագիծը։

Փաստաթղթում նշվում է, որ մինչև 2018-ի ապրիլի 1-ը ներմուծված մեքենաները կարելի կլինի շահագործել։ Սակայն կարգելվի դրանց վերահաշվարկումն, այսինքն, փաստացի, կսահմանափակվի վաճառելու հնարավորությունը։ Որոշման հիմնավորման մեջ՝ առանց ժամկետի հստակեցման, ասվում է, որ ապագայում կարգելվի նաև արդեն ներմուծված մեքենաների շահագործումը։

Հիմնավորման մեջ, մասնավորապես, ասվում է, որ ՀՀ-ում աջ ղեկով մեքենաների շահագործումը երթևեկության համար վտանգ է ներկայացնում, քանի որ աջակողմյան երթևեկության դեպքում տրանսպորտային միջոցի վարորդը ունի սահմանափակ տեսանելիություն: Մասնավորապես, կանգառի կամ կայանման վայրից տրանսպորտային միջոցի շարժումն սկսելու, երթևեկության գոտի վերադասավորվելու, երթևեկության ուղղությունը փոփոխելու, վազանց կատարելու և այլ դեպքերում: