18 դեկտեմբերի 2017 - 13:47 AMT
Սննդամթերքը, ալկոհոլն ու ծխախոտը թանկացել են

Հայաստանի սպառողական շուկայում 2017-ի հունվար-նոյեմբեր ամիսներին 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է 0,8% գնաճ: Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ պարենային ապրանքների գները 2017-ի 11 ամսում 2016-ի համեմատ աճել են 3,9%-ով:

Աճել են նաև ոգելից խմիչքի, ծխախոտի գները՝ 3,1%-ով, ինչպես նաև բուժսպասարկման և դեղորայքի գները՝ 0,5%-ով:

Ընթացիկ տարվա հաշվետու ժամանակահատվածում 2%-ով անկում են գրանցել հագուստի և կոշիկի գները, 4,7%-ով՝ բնակարանային վարձի, վառելիքի ու էլեկտրաէներգիայի գները:

Ընթացիկ տարվա նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ սպառողական շուկայում գնաճը կազմել է 2,2%: