18 դեկտեմբերի 2017 - 17:25 AMT
Նալբանդյան. ՀՀ-ն կարևորում է ՆԱՏՕ-ի աջակցությունը ՄԽ համանախագահների ջանքերին

Հայաստանը, ունենալով անվտանգային լուրջ մարտահրավերներ, իր նպաստն է բերում աշխարհի այլ կետերում անվտանգության ու կայունության պահպանման և ամրապնդման գործին: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերի հետ ճեպազրույցում:

«Գլխավոր քարտուղարի տեղակալին ներկայացրեցի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումները, հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը: Այս համատեքստում մենք կարևորում ենք ՆԱՏՕ-ի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին ու մոտեցումներին»,-ասել է նախարարը:

Ճեպազրույցին նախորդած հանդիպմանը գոհունակությամբ արձանագրվել է, որ հաջողությամբ իրականացվում է Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների թվով 5րդ ծրագիրը: Ընդգծել են Հայաստանում ՆԱՏՕ-ի Վստահության հիմնադրամի գործունեության պրակտիկ իրականացման կարևորությունը:

«Հայաստանը շարունակում է իր կարևոր ներդրումն ունենալ միջազգային խաղաղության ու կայունության հաստատման ՄԱԿ-ի և ՄԱԿ-ի հովանո ներքո իրականացվող հավաքական ջանքերում՝ անվտանգության սպառողից վերածվելով անվտանգության մատակարարողի»,-ասել է Նալբանդյանը:

Գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերը շնորհակալություն է հայտնել Հայաստանում դեկտեմբերի 13-18-ը ՆԱՏՕ-ի հերթական շաբաթն անցկացնելու, ինչպես նաև ՄԱԿ Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևի նախաձեռնության շրջանակներում Կանանց, խաղաղության և անվտնագության թեմայով սեմինար կազմակերպելու համար:

Հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարարն ու ՆԱՏՕ-ի պաշտոնյան անդրադարձ են կատարել մի շարք տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների։