19 դեկտեմբերի 2017 - 11:16 AMT
Սելֆիով մեծ տարվածությունը գիտնականները լիարժեք հոգեկան հիվանդություն են համարել

Գիտնականները ենթադրել են, որ չափազանց մեծ տարվածությունը սելֆիով լիարժեք հոգեկան հիվանդություն է: Նրանք նման եզրակացությունների են եկել, ուսումնասիրելով հարյուրավոր մարդկանց, որոնք զրուցել են հոգեբանների հետ: Խանգարումը նկարագրելու համար գիտնականներն օգտագործել են «սելֆիտիս» տերմինը:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են International Journal of Mental Health and Addiction ամսագրում:

«Սելֆիտիսով» հիվանդն իր ուժերին անվստահ մարդ է, որը ուշադրության սուր պակաս է զգում: Գիտնականներն առանձնացրել են հիվանդության 3 ստադիա՝ սահմանային (օրական առնվազն 3 սելֆի առանց պարտադիր հրապարակման սոցցանցերում), սուր (օրական 3-5 սելֆիի պարտադիր հրապարակում), խրոնիկ (ռեգուլյար սելֆիներ և օրական 6 և ավելի հրապարակում սոցցանցերում), գրում է Bird in Flight-ը Business Insider-ի վրա հղումով:

«Հուսով ենք, որ այժմ նման հիվանդության առկայությունն ապացուցված է, կկատարվեն լրացուցիչ հետազոտություններ, որոնք կօգնեն հասկանալ, թե ինչպես է առաջանում կախվածությունը սելֆիից և ինչ կարելի է անել դրան հակված մարդկանց օգնելու համար»,-ասում են գիտնականները:

«Սելֆիտիս» տերմինը գիտնականները չեն հնարել, այդպիսի հրապարակում է եղել 2014-ին ֆեյքային մի գրառման մեջ, որը լայն տարածում է ստացել: Գրառման մեջ ասվում էր, թե իբր Ամերիկայի հոգեբույժների ասոցիացիան սելֆիտիսը հոգեկան հիվանդություն է համարել, սակայն իրականում նման հետազոտություն չէր անցկացվել: Սակայն գիտնականները որոշեցին, որ «Սելֆիտիսը» առավել հաջող անվանում է խանգարման համար: