19 դեկտեմբերի 2017 - 16:35 AMT
Աջ ղեկով մեքենան վաճառելու համար ոստիկանության թույլտվություն կպահանջվի

Աջ ղեկով տրանսպորտային միջոցների հետագա ներմուծումն ու շահագործումն արգելելու մասին օրենքի նախագծի ընդունման դեպքում աջ ղեկով մեքենաների առուվաճառք հնարավոր կլինի իրականացնել միայն ոստիկանության համապատասխան թույլտվություն ստանալու դեպքում: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Առաքելյանը:

Նա հավելեց նաև, որ նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման, և դրա դրույթները կարող են փոփոխվել:

Աջ ղեկով մեքենաների սեփականատերերի իրավունքները պաշտպանող «Աջ ղեկ» նախաձեռնություն է ստեղծվել: Այն դեկտեմբերի 22-ին դեպի նախարարության շենք ավտոերթ է կազմակերպվելու և պահանջելու է վերացնել նախագծով առաջարկվող աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների վերահաշվառման արգելքը, ինչի արդյունքում մեքենաների սեփականատերերը կզրկվեն դրանց առքուվաճառքի հնարավորությունից, եթե չունենան ոստիկանության համապատասախան թույլտվությունը:

Ավելի վաղ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը պարզաբանում էր տարածել, համաձայն որի նախագիծը առաջարկում է թույլատրել մինչև 2018-ի ապրիլի 1-ը ներկրված տրանսպորտային միջոցների շահագործումը: «Սրանից բխում է, որ մինչև 2018-ի ապրիլի 1-ը ՀՀ ներկրված տրանսպորտային միջոցների նկատմամբ նշված սահմանափակումները չեն գործում: Այսինքն, աջ ղեկ ունեցող տրանսպորտային միջոցների այսօրվա սեփականատերերին չի արգելվի հետագայում ևս շահագործել իրենց մեքենաները»,-ասված էր հայտարարության մեջ: