2017-ի ընթացքում ազգային անվտանգության մարմինների ստորաբաժանումներն իրենց գործառույթներն իրականացնելիս դրսևորել են պահանջվող պատրաստվածություն, ավելին՝ ԱԱԾ մարմինները, վերահսկելով օպերատիվ իրավիճակը, թույլ չտվեցին, որ ինչ-ինչ զարգացումներ վնասակար հետևանքներ առաջացնեն Հայաստանի պետականության և սահմանադրական կարգի համար: Այս մասին ասվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ հղած շնորհավորական ուղերձում:
Նա հավելել է, որ 2018-ին կհստակեցվի Ազգային անվտանգության ծառայության կարգավիճակը՝ նշելով, որ ԱԱԾ մարմինների ղեկավարությունն ու անձնակազմը շարունակական աշխատանք են իրականացրել սահմանադրական բարեփոխումների իրագործման անվտանգ ու բնականոն ընթացքն ապահովելու համար:
«Ցավոք, վերջին տասնամյակներում տարածաշրջանում և աշխարհում տիրող իրավիճակը շարունակաբար ուղեկցվում է զազրելի ոտնձգություններով, հատկապես ահաբեկչական բնույթի դաժան հանցագործություններով: Նման պայմաններում դուք կարողանում եք բարձր պահել մեր պետականության հիմքերի, սահմանադրական կարգի և անվտանգության պահապանի կոչումը: Դուք ժամանակին համահունչ զարգացնում եք ձեր աշխատանքը՝ զսպելով վտանգավոր զարգացումները։
Մենք լի ենք վճռականությամբ՝ ապահովելու Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության գործունեության հետագա զարգացումը»,- ասված է նախագահի ուղերձում։
Նախագահը հավելել է, որ արվելու է ամեն ինչ, որպեսզի բոլոր ուղղություններով իրականացվող այդ աշխատանքները համապատասխանեն ժամանակակից առաջատար հատուկ ծառայությունների չափանիշներին: