22 դեկտեմբերի 2017 - 16:23 AMT
Սերժ Սարգսյան. Հայաստանում բռնությամբ և զենքով ոչ մի հարց չի լուծվելու

Արկածախնդրություն փնտրողները պետք է քաջ գիտակցեն, որ Հայաստանում պետականության հիմքերը խարխլելու փորձերը դատապարտված են ձախողման: Հայաստանում բռնությամբ և զենքով ոչ մի հարց չի լուծվելու:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունում Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:

«Ուժի օրինական կիրառման մենաշնորհը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը: Ինչ-ինչ հարցեր, վեճեր, դժգոհություններ, տարաձայնություններ քննարկելու և լուծելու համար Սահմանադրությամբ և օրենքով ստեղծվել են բոլոր անհրաժեշտ ինստիտուտները և մեխանիզմները», - ասել է նախագահը:

Սերժ Սարգսյանը հորդորել է անձնական կամ խմբային շահերին հակաիրավական գործելակերպով հասնել փորձողներին զերծ մնալ արկածախնդրությունից:

«Կասկածից վեր է, որ ազգային անվտանգության ծառայությունը և մեր իրավապահ մյուս մարմիններն ունակ են կանխելու կամ չեզոքացնելու նման ցանկացած ոտնձգություն: Կարծում եմ՝ անցյալ տարի հուլիսին ձեր հետևողական գործողություններն ու հավասարակշռված մոտեցումները խոսքերիս լավագույն ապացույցն են», - ասել է Սարգյանը: