23 դեկտեմբերի 2017 - 14:33 AMT
Falcon 9 կրիչ հրթիռը 10 արբանյակ է ուղեծիր դուրս բերել

Ամերիկյան մասնավոր SpaceX ընկերությունը, որի հիմնադիրն է Իլոն Մասկը, դեկտեմբերի 23-ին գործարկել է Falcon 9 կրիչ հրթիռը՝ կապի Iridium Next 10 արբանյակով: Ավելի վաղ հրթիռի առաջին աստիճանը բազմիցս է օգտագործվել արբանյակներն ուղեծիր դուրս բերելու համար:

«Iridium Next արբանյակները կփոխարինեն աշխարհի խոշորագույն առևտրային արբանյակային ցանցը մերձմոլորակային ուղեծրում՝ դառնալով ամենամեծ «տեխնիկական թարմացումներից» մեկը պատմության մեջ»,-ասվում է ընկերության հայտարարության մեջ, գրում է Deutsche Welle-ն:

Առանձին նշվում է, որ որոշ արբանյակներ նախատեսված են նավերին ու ինքնաթիռներին իրական ժամանակի ռեժիմով հետևելու համար:

Այս գործարկումը 18-րդն է SpaceX ընկերության համար 2017-ին: Մինչև դեկտեմբերի վերջը նոր գործարկումներ չեն սպասվում: 2018-ին նախատեսվում է ավելացնել գործարկումների քանակը՝ ներառյալ գերգաղտնի գործողությունը ԱՄՆ կառավարության պատվերով: