23 դեկտեմբերի 2017 - 14:12 AMT
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ՀՀ դիվանագիտական անձնագիր ունեցող գործարարի դեմ

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել քրեական աշխարհի հետ կապ ունեցող Ռուսաստանում և հետխորհրդային այլ երկրներում բնակվող մի շարք անձանց, այդ թվում ՀՀ դիվանագիտական անձնագիր ունեցող ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Թաթուլյանի նկատմամբ:

Այս մասին հաղորդագրություն է հրապարակել Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը:

2017 թվականի մայիսի 14-ին Չեխիայում այդ երկրի իրավապահ մարմինների կողմից ձերբակալվելու պահին Սոչիում բնակվող գործարար Ռուբեն Թաթուլյանի մոտ ՀՀ դիվանագիտական անձնագիր կար: ՀՀ ԱԳՆ-ից հայտնել էին, որ Հայաստանում տնտեսական զարգացման և ներդրումներ ներգրավելու ուղղությամբ գործունեություն իրականացնող Ռուբեն Թաթուլյանին ՀՀ դիվանագիտական անձնագիր տրամադրվել է «օրենքով սահմանված կարգով»։

Ըստ պատժամիջոցների՝ «սև ցուցակում» հայտնվածներին արգելվում է մուտք գործել ԱՄՆ-ի տարածք, զբաղվել երկրում բիզնեսով: Ինչպես նաև սառեցվում են ԱՄՆ-ում ունեցած բանկային հաշիվները: