Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին հաջողվել է հայտնաբերել մինչև օրս անհայտ մոտ 25 նոր լուսանկար՝ Մուսա լեռան հերոսամարտի մասնակիցներին ֆրանսիական ռազմանավերի միջոցով տարհանելու տեսարաններով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:
Ըստ նրա՝ հայտնաբերված բնօրինակ լուսանկարներն արվել են 1915 թվականի սեպտեմբերին, ֆրանսիական ռազմածովային նավատորմի սպայի կողմից: Լուսանկարները ներկայացնում են նավակներով խաղաղ հայ բնակչությանը դեպի ռազմանավեր տեղափոխելու գործողությունները, նավերի տախտակամածին նրանց տեղավորումն ու այլ տեսարաններ:
Լուսանկարները հանրությանը կներկայացվեն 2018 թ. ապրիլին:
1915 թվականի սեպտեմբերի 5-ին Միջերկրական ծովի արևելյան մասում նավարկող ֆրանսիական 3-րդ տորմիղի «Գիշեն» մարտանավի անձնակազմը թուրքական ափերին նկատեց հսկայական սպիտակ դրոշներ: Դրոշներից մեկը կարմիր խաչով էր, մյուսը՝ «Քրիստոնյաները վտանգի մեջ են, փրկեք» անգլալեզու գրությամբ: Նավապետ Ժոզեֆ Բրիսոնը կարգադրեց մակույկներ իջեցնել և հետախուզել իրավիճակը: Ափից դեպի մակույկները լողորդներ նետվեցին, որոնց նավ բարձրացրին:
Ընթերցեք նաև Հույսը ծովից. Ինչպես դասավորվեց մուսալեռցիներին փրկած ռազմանավի ճակատագիրը