Դեկտեմբերի 26-ին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացուցիչները և «Աջ ղեկ» նախաձեռնության համակարգողները շարունակել են քննարկումները աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելող նախագծի որոշ դրույթների շուրջ։ Այս մասին հայտնում է նախարարության լրատվական ծառայությունը։
Նախաձեռնության անդամները ներկայացրել են իրենց գրավոր առաջարկությունները՝ ընդգծելով, որ հիմնական, սկզբունքային տարաձայնությունը աջ ղեկով մեքենաների հաշվառման արգելքին է վերաբերում։
Առաջարկները կքննարկվեն նախագիծը մշակող միջգերատեսչական հանձնաժողովի անդամների հետ։
Ավելի վաղ աջ ղեկով մեքենաների սեփականատերերի իրավունքները պաշտպանող «Աջ ղեկ» նախաձեռնությունը ավտոերթ էր կազմակերպե դեպի նախարարության շենք: Նախարան ընդունել էր նրանց և լսել առաջարկները:
Նախաձեռնությունը պահանջում է վերացնել նախագծով առաջարկվող աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների վերահաշվառման արգելքը: Դրա ամրագրման դեպքում մեքենաների սեփականատերերը կզրկվեն դրանց առուվաճառքի հնարավորությունից, եթե չունենան ոստիկանության համապատասախան թույլտվությունը: