27 դեկտեմբերի 2017 - 12:11 AMT
ՌԴ ԱԳՆ. ՌԴ-ն իրավասու է հուսալու, որ ՀՀ համար առաջնային են դաշնակցային հարաբերությունները

Ռուսաստանն իրավասու է հուսալու, որ Հայաստանի համար առաջնային են դաշնակցային հարաբերությունները: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար, պետական քարտուղար Գրիգորի Կարասինը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է ՌԴ-ն վերաբերվում ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված համագործակցության մասին համաձայնագրի ստորագրմանը:

«Մեր հարևաններին և դաշնակիցներին մենք միշտ վերաբերվում ենք որպես մարդկանց, որոնք ունեն իրենց հայացքները և արտաքին քաղաքականությունը: Մեր հարևաններն ինքնիշխան պետություններ են, դա վերաբերում է նաև ՀԱՊԿ և ԵՏՄ գծով դաշնակիցներին: Հասկանալի է, որ ժամանակակից դարաշրջանում նրանք զարգացնում են բազմակողմ շփումները, դա միանգամայն բնական է 21-րդ դարում: Մենք երբեք մեր հարևաններին և դաշնակիցներին չենք կանգնեցրել ընտրության առջև՝ «մե՞ր հետ եք թե նրանց»: Սակայն մենք էլ իրավունք ունենք հուսալու, որ գերակայությունը տրվում է դաշնակցային հարաբերություններին: Բացի այդ, պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվում այլ ձևաչափերում, ներառյալ ԵՄ Արևելյան գործընկերությունը, չպետք է խախտեն պարտավորությունները, որոնց վերաբերյալ արդեն իսկ ձեռք են բերված պայմանավորվածություններ»,-ասել է Կարասինը «Կոմերսանտին» տված հարցազրույցում:

Նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրվեց Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության նոր համաձայնագիրը: Այժմ համաձայնագիրը պետք է վավերացվի ինչպես Հայաստանի, այնպես էլ Եվրամիության անդամ 28 երկրների կողմից:

Համաձայնագրի շուրջ բանակցությունները տևել են երկու տարի։ Այն նախաստորագրվել է 2017-ի մարտի 21-ին: Նախաստորգրված համաձայնագրի տեսքտը ավելի ուշ ներկայացվել է հանրության դատին, որը հիմնականում դրական է գնահատվել փորձագիտական շրջանակների կողմից: Ակնկալվում է, որ համաձայնագրի ստորագրումով Հայաստանում նոր բարեփոխումների սկիզբ է կդրվի: