27 դեկտեմբերի 2017 - 15:26 AMT
Մագիստրատուրայում ու ասպիրանտուրայում օտարալեզու դասավանդումը հնարավոր կդառնա

Մագիստրոսական կրթական ծրագրերի 30%-ը, ասպիրանտական ծրագրերի՝ 50%-ը կարող է կազմակերպվել օտար լեզուներով: ՀՀ կրթության և գիտության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, այս մասին ասել է ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծով նախատեսվում է բարեփոխումներ իրականացնել բուհերի միջազգայնացման գործընթացում։

«Նախատեսվում է որակական փոփոխությունների ենթարկել ծրագրերը, այդ նպատակով առաջ է քաշվում ցանցային համալսարանների և գիտակրթական կլաստերի գաղափարը: Որպես վերահսկողական գործիք, պետության կողմից կօգտագործվի ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրումը»,- նշել է ԿԳ նախարարի տեղակալը:

ՀՀ կրթության և գիտության նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է այս տարվա վերջին նիստը, օրակարգում՝ «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծը: