ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հաստատել է «Իսլամական պետության» անդամ՝ Հայաստան մուտք գործելու փորձի մասին տեղեկությունը: Aravot-ի հարցմանն ի պատասխան ԱԱԾ-ն նշել է, որ փորձը կանխվել է, ահաբեկիչը ՀՀ քաղաքացի չէր։
Նշվել է, որ միայն 2017թ. ընթացքում հակաահաբեկչական միջոցառումների շրջանակներում արգելվել է միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հետ հնարավոր առնչության մեջ կասկածվող այլ պետության 960 քաղաքացիների մուտքը Հայաստանի Հանրապետություն, ևս 95 օտարերկրացի սահմանային վերահսկողության տակ են՝ հատուկ հետախուզման ռեժիմով:
Վեսթ Փոյնթի Ահաբեկչության դեմ պայքարի կենտրոնի՝ 2016 թվականին հայտնած տեղեկատվության համաձայն «Իսլամական պետությունը» Հայաստանի 1 քաղաքացի էր կարողացել հավաքագրել 2013-2014 թթ միջակայքում։ ԱԱԾ-ն PanARMENIAN.Net-ին տրված պարզաբանման մեջ հերքել էր տեղեկատվության իսկությունը։
Նույն 2016 թվականին թուրքական մամուլը հայտնել էր երկրի տարածքում ԻՊ անդամ, ՀՀ-ում ծնված ֆրանսիայի քաղաքացի, կրոնափոխ եղած եզդի Արտյոմ Ալոյանի ձերբակալության մասին։