28 դեկտեմբերի 2017 - 16:04 AMT
Երիտասարդ մասնագետների համար ևս մեկ բազմաբնակարան շենք կկառուցվի

Գործադիրը դեկտեմբերի 28-ի նիստում որոշել է ՀՀ ԳԱԱ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրված շենքերը վաճառքի ձևով օտարել «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» ՀԿ-ին՝ երիտասարդ մասնագետների համար բազմաբնակարան շենք կառուցելու նպատակով:

Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Կազմակերպությունը իրականացնում է բնակարանային ապահովության սոցիալական ծրագրեր:

Հաշվի առնելով մատչելի պայմաններով բնակարան ձեռք բերելու մեծ պահանջարկը և մոտ 1000 երիտասարդ մասնագետի ներկայացրած դիմումները՝ նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարել է ընդլայնել բնակարանաշինական ծրագրերի շրջանակը և մատչելի պայմաններով բնակարան ձեռք բերելու հնարավորություն ընձեռել բոլոր կարիքավոր դիմումատուներին: