28 դեկտեմբերի 2017 - 17:46 AMT
Կիսին. Որքան ապրում եմ ու կամ՝ կայցելեմ Հայաստան

Աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը մշտապես այցելելու է Հայաստան՝ որքան ապրում է ու կա: Այդ մասին դաշնակահարը հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը:

Կիսինը Հայաստանում է «Երևանյան հեռանկարներ» 18-րդ երաժշտական փառատոնի շրջանակներում:

Հանրապետության նախագահը ողջունել է տաղանդաշատ արվեստագետին Հայաստանում, որտեղ, ըստ նախագահի, ոչ միայն գնահատում են Եվգենի Կիսինի տաղանդն ու վարպետությունը, հրաշալի կատարումները, այլև սիրում են նրան մարդկային հատկանիշների համար, սիրում են՝ որպես հայ ժողովրդի բարեկամի:

Նշելով, որ հայ ժողովուրդը երբեք չի մոռանա Եվգենի Կիսինի զորակցությունը 1988-ի երկրաշարժի ժամանակ՝ նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել լեգենդար դաշնակահարին նաև Նյու Յորքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգին մասնակցության և բոլոր հայերի սրտերը հուզած՝ Կոմիտասի «Կռունկ»-ի անկրկնելի կատարման համար: Նախագահը նշել է, որ Հայաստանում մշտապես ուրախ են հյուրընկալելու անվանի արվեստագետին:

Աշխարհահռչակ դաշնակահարն ընդգծել է, որ իր սերն ու պատկառանքը դարավոր մշակույթ և պատմություն ունեցող հայ ժողովրդի նկատմամբ փոխադարձ է, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: