29 դեկտեմբերի 2017 - 11:52 AMT
ՌԴ գործարար զբոսաշրջիկները 2017-ին ավելի հաճախ են ՀՀ-ում կորպորատիվներ արել

ՌԴ գործարար զբոսաշրջիկները 2017-ին կորպորատիվ միջոցառումների անցկացման հարցում հրաժարվել են Սոչիից՝ հօգուտ Հայաստանի և Վրաստանի: Այդ են վկայում «Աերոկլուբ» ընկերության տվյալները, որը վերլուծել է խոշորագույն ռուսական կորպորացիաների կողմից ավիատոմսերի ամրագրումները և պարզել է, թե ինչպես են փոխվել ներքին ու արտերկրյա թռիչքների գներն ու պահանջարկը 2016-ի համեմատ:

Ըստ հետազոտության, գործարար զբոսաշրջիկները 25 տոկոսով քիչ են մեկնել Սոչի 2016-ի համեմատ՝ նախապատվությունը տալով Հայաստանին և Վրաստանին:

«Օլիմպիադայից հետո Սոչին ամենապահանջված ուղղությունն էր կորպորատիվ միջոցառումների համար: Սակայն վերջին շրջանում կորպորատիվ միջոցառումների պատվիրատուները սկսել են նախապատվությունը տալ Վրաստանին, Հայաստանին, Ադրբեջանին, այդ ուղղություններով ավիաթռիչքների էժանացման, ինչպես նաև սպասարկման ավելի բարձր մակարդակի շնորհիվ»,-ասել է ակումբի գլխավոր տնօրեն Դենիս Մատյուխինը:

Ելնելով հետազոտության արդյունքներից՝ թռիչքներն արտերկիր շատ ավելի են աճել, քան ՌԴ տարածքում: