29 դեկտեմբերի 2017 - 13:36 AMT
«Հայերին սիրելու» համար հալածվող ադրբեջանցի ուսուցիչ. Գիտակցել եմ, թե ինչ հետևանքներ կարող են լինել

Բաքվի թիվ 220 դպրոցի անգլերեն լեզվի ուսուցիչ Ռովշան Ազիզովը, որին ազատել են աշխատանքից հայերի հանդեպ հանդուրժողականություն քարոզելու համար, հայտարարել է, որ մտադիր չէ հանձնվել և կշարունակի քարոզել ադրբեջանցիների շրջանում երկու ժողովրդների բարեկամության գաղափարը:

Ազիզովը, որը հատուկ տեսանյութեր է պատրաստում՝ որպես ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության կողմնակից: Ազիզովն աշակերտուհիներից մեկին հայկական տարազ էր հագցրել, լուսանկարել նրան Բաքվի հայկական եկեղեցու ֆոնին և հրապարակել էր լուսանկարն իր ֆեյսբուքյան էջում, ինչը լուրջ բողոքների առիթ է դարձել Ադրբեջանում: Սոցցանցերում բողոքներ էին տարածվել այդ ուսուցչի դեմ, որտեղ ասվում էր, որ նա ինքն է բացահայտ խոստովանում, որ աշակերտների շրջանում հայերի հանդեպ հանդուրժողականությունէ սերմանում:

PanARMENIAN.Net-ը զրուցել է ուսուցչի հետ, իմացել, թե ինչպես է նրա մոտ առաջացել աշակերտների շրջանում հայերի հանդեպ սեր քարոզելու գաղափարը, ինչպես նաև նրա ծրագրերի մասին:

«Ես երեխաներին հանդուրժողականություն եմ սովորեցրել, ժողովրդավարություն, հավասարություն, եղբայրություն: Մենք պետք է հանդուրժող լինենք այլ ժողովրդների, այդ թվում հայերի հանդեպ, մենք պետք է այլ ժողովրդներին այնպես վերաբերվենք, ինչպես կցանկանայինք, որ մեզ վերաբերվեն: Հայերն ու ադրբեջանցիները պետք է խաղաղ ապրեն, այդ երկրու երկրները կարող են կողք կողքի գոյատևել: Մենք կարող ենք խաղաղ գոյակցել՝ չհեղելով միմյանց արյունը: Պատերազմը խնդրի լուծում չէ»,-ասել է Ազիզովը:

Պատասխանելով այն հարցին՝ թե գիտակցում էր նա արդյոք ռիսկը, որին գնում է, ադրբեջանական հանրության հնարավոր արձագանքը, երիտասարդ ուսուցիչն ասել է, որ գիտակցաբար է դրան գնացել:

«Ես հասկացա, որ ինչ-որ մեկը պետք է քայլ անի և ասի մի բան, որը կբացի մարդկանց աչքերը: Ես գիտեմ, որ մենք կարող ենք դադարեցնել պատերազմն ու կարգավորել հակամարտությունը՝ առանց պատերազմի: Ադրբեջանցիները բարի ժողովուրդ են, ես վստահ եմ, նրանք մի օր կհասկանան, որ ես ճիշտ եմ վարվում և ճշմարտությունն եմ ասում»,-ասել է Ազիզովը:

Ըստ նրա, յուրաքանչյուր ազգի պետք է վերաբերվել սիրով ու կարեկցանքով, անկախ նրանից որ ռասային են նրանք պատկանում կամ ինչ կրոն են դավանում: Նա շեշտել է, որ հայերը, ինչպես և ադրբեջանցիները, պետք է ևս մեկ քայլ անեն և սովորեն հարգանքով վերաբերվել միմյանց:

Պատմելով դպրոցում իր գործունեության մասին՝ ուսուցիչը նշել է, որ իր աշակերտների ծնողները գիտեին նրա մոտեցման մասին և թե ինչ է նա սովորեցնում երեխաներին:

«Դժվարությամբ ինձ կհավատաք, բայց ծնողները լիակատար աջակցություն են ցուցաբերել ինձ: Ես սովորեցրել եմ երեխաներին, որ մեր հարաբերությունները հարևան երկրների հետ պետք է հիմնված լինեն փոխադարձ հարգանքի ու հանդուրժողականության վրա»,-ասել է Ազիզովն ու հավելել, որ դեռևս կապ է պահպանում աշակերտների հետ: «Նրանք ինձ ասում են, որ չնայած ինձ առանց պատճառի ազատել են աշխատանքից, նրանք միևնույն է սիրում են ինձ և միշտ տարածելու են սիրո, խաղաղության և կարեկցանքի մասին իմ գաղափարները»: Նրա խոսքերով, ոչ ոք չի կարող խանգարել իրեն. «Ես կվերափոխեմ մարդկանց գիտակցությունը և, թեև իմ կյանքը հիմա վտանգված է, իմ պայքարը շարունակվելու է»:

«Ինձ մեծ վտանգ է սպառնում, բայց չեմ կարծում, որ ինձ կձերբակալեն, կառավարությունը նման սխալ չի գործի: Կարծում եմ, որ հակամարտության խաղաղ կարգավորումը բխում է Ադրբեջանի շահերից»,-ասել է նա:

Խոսելով ապագայի վերաբերյալ իր ծրագրերի մասին՝ Ազիզովը նշել է, որ մնալու է Ադրբեջանում:

«Ես կմնամ Ադրբեջանում այնքան, մինչև որ մարդիկ հասկանան ինձ: Ես պայքարելու եմ հանուն խաղաղության մինչև արյան վերջին կաթիլը, նույնիսկ կյանքիս գնով: Վստահ եմ, որ Աստված ինձ հետ է, և եթե ես մեռնեմ, վախկոտի պես չեմ մեռնի»,-ասել է երիտասարդ ուսուցիչն Ադրբեջանից: