5 հունվարի 2018 - 20:21 AMT
ՌԴ կառավարությունը հաստատել է 2018-ի գազի գինը ՀՀ համար

ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի հետ արձանագրության ստորագրմանը, որով նախատեսվում է պահպանել 2018-ին ՀՀ-ին մատակարարվելիք գազի գինը 1000 խմ համար 150 դոլարի սահմանում: Համապատասխան կարգադրությունը հրապարակվել է ՌԴ իրավական տեղեկատվության ինտերնետ-պորտալում:

Նոյեմբերի վերջին արձանագրության ստորագրումը հավանության էր արժանացել ՀՀ կառավարության կողմից:

Մեկ այլ կարգադրությամբ ՌԴ կառավարությունը հավանություն է տվել «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առք ու վաճառքի պայմանների և հետագա գործունեության մասին համաձայնագրում ուղղումներ կատարելու վերաբերյալ: Ըստ կարգադրության «Գազպրոմի » բաժնեմասը «Հայռուսգազարդի » կանոնադրական դրամագլխում 80%-ից հասցվել է 100%-ի:

Կողմերը պարտավորվում են ոչ ուշ, քան 2018-ի նոյեմբերի 1-ին մշակել և հաստատել «Գազպրոմ Արմենիայի» գործունեությունից առաջացած ֆինանսական հոսքերի հաշվարկների մոդելները գազա- և էներգամատակարարման համակարգերում:

Գազի նախկին $165 փոխարեն $150 գինը սահմանվել է 2016-ի ապրիլի 7-ին և հաստատվել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի Հայաստան կատարած այցի ժամանակ 2016-ի հոկտեմբերին: