8 հունվարի 2018 - 14:06 AMT
SpaceX-ն ուղեծիր է դուրս բերել Zuma գաղտնի արբանյակը

Ամերիկյան մասնավոր տիեզերական SpaceX ընկերությունը կատարել է 2018-ի առաջին հաջող գործարկումը: Falcon 9 հրթիռն ուղեծիր է դուրս բերել Zuma գաղտնի արբանյակը:

Արբանյակը գործարկվել է Քանավերալ հրվանդանից հունվարի լույս 8-ի գիշերը՝ Երևանի ժամանակով առավոտյան ժամը 5-ին: Ինչ նպատակով և որ գործակալության կողմից է օգտագործվելու արբանյակը, հայտնի չէ, գրում է Meduza-ն:

Zuma-ն SpaceX-ի առաջին գաղտնի գործարքը չէ: 2017-ի մայիսին ընկերությունն ուղեծիր դուրս բերեց ԱՄՆ Ռազմատիեզերական հետախուզության ազգային վարչության սարքը:

Սեպտեմբերին SpaceX ընկերությունը գործարկեց ԱՄՆ ՌՕՈւ փորձարարական ուղեծրային ինքնաթիռը: 2017-ին ընկերությունն իր համար նոր ռեկորդ սահմանեց՝ 18 հաջող գործարկում կատարելով: Falcon 9-ի առաջին աստիճանը հաջողությամբ վերադարձվել է ամեն անգամ, երբ դա նախատեսված էր: