9 հունվարի 2018 - 11:29 AMT
ՀՀ քաղաքացիները 2018-ին կարող են մոտ 60 երկիր առանց վիզայի ճամփորդել

Անձնագրերի 2018-ի վարկանիշում Հայաստանն առաջ է անցել 2 հորիզոնականով՝ զբաղեցնելով 76-րդ տեղը աշխարհի 59 երկիր առանց մուտքի արտոնագրի այցելելու հնարավորությամբ:

Henley & Partners անձնագրերի ամենամյա վարկանիշը վերլուծում է ավելի քան 200 երկրի վիզային կանոնները և դասակարգում ըստ առանց վիզաների երկրներ այցելությունների հնարավորության քանակի:

2018-ին Հայաստանը կիսում է 76-րդ տեղը Ղրղզստանի հետ: Հայերը կարող են առանց վիզայի աշխարհի 59 երկիր այցելել: Դա վերջին տարիների լավագույն ցուցանիշն է (58 երկիր 2017-ին, 57՝ 2016-ին, 52՝ 2015-ին): 2017-ին երկիրը զբաղեցրել է 78-րդ տեղը:

Հայաստանի հարևան երկրները վարկանիշում զբաղեցնում են հետևյալ տեղերը. ՌԴ-ն 48-րդ տեղում է, Թուրքիան՝ 50, Վրաստանը՝ 53, Ղազախստանը՝ 65, Ադրբեջանը՝ 72-րդ: Վրաստանը զգալիորեն բարելավել է իր դիրքը վարկանիշում շնորհիվ Շենգենի գոտի մուտք գործելու իրավունքին, որը երկիրը ստացավ 2017-ին:

Վերջին 5 տարում վարկանիշի առաջին տեղում Գերմանիան է: 2018-ին գերմանական անձնագրով հնարավոր է առանց վիզայի ուղևորվել 177 երկիր, ինչը մեկով ավելի է 2017-ի համեմատ: 2-րդ հորիզոնականում Սինգապուրն է (176 երկիր), 3-րդը կիսում է միանգամից 8 պետություն՝ Մեծ Բրիտանիան, Դանիան, Իտալիան, Նորվեգիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Շվեդիան, Ճապոնիան: Այդ երկրների քաղաքացիներն առանց վիզայի կարող են ճամփորդել 175 երկիր:

Վարկանիշի վերջին տեղում Աֆղանստանն է, որի քաղաքացիները կարող են առանց վիզայի այցելել 24 երկիր:

Անձնագրերի ամենամյա վարկանիշը Henley & Partners ընկերությունը հրապարակում է 2006-ից Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) հետ համագործակցությամբ: