9 հունվարի 2018 - 12:27 AMT
Տոներին շրջանառվել են գրիպի Ա և Բ տեսակները. Վարակների տարածվածությունը սեզոնային է

Տոնական օրերին իրականացված մշտադիտարկան արդյունքներով սուր շնչառական վարակների և գրիպի տարածվածությունը համահունչ է սեզոնին: Հիվանդների դիմելիությունը հիմնականում եղել է Երևանում։ Ներկայումս մայրաքաղաքի մանկական հիվանդանոցներում հոսպիտալացված 360 հիվանդների մեծ մասը` 0-2 տարեկան երեխաներ են:

Անհրաժեշտ բուժման արդյունքում բոլորի մոտ առկա է լավացման դրական շարժընթաց: Նշված օրերին արձանագրվել է շտապ օգնության 81 կանչ, գրեթե նույնքան` որքան մեկ տարի առաջ: Կանչերը մեծամասամբ տրվել է մեծահասակների համար՝ պայմանավորված սուր շնչառական վարակներով: Հանրապետությունում այս օրերի ընթացքում շրջանառել են գրիպի Ա և Բ տեսակները, ինչպես նաև այլ շնչառական վարակների հարուցիչներ (ռինովիրուս, բոկավիրուս, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուս, ադենովիրոս):

Գրիպից և դրա բարդություններից խուսափելու նպատակով՝ Առողջապահության նախարարությունը հորդորում է.

խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,

եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը,

եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,

մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար,

հագնվե´ք եղանակին համապատասխան,

պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,

օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,

հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,

հետևե´ք անձնական հիգիենային: