10 հունվարի 2018 - 13:18 AMT
Պրոֆեսոր. Իսրայելը Հայոց ցեղասպանությունը չճանաչելու պարտավորություն ունի Թուրքիայի և Ադրբեջանի դիմաց

Իսրայելցի ականավոր գիտնական Յաիր Աուրոնը պաշտոնապես դիմել է Իսրայելի արտաքին գործերի նախարարություն՝ պահանջելով Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայոց ցեղասպանությունը չճանաչելու վերաբերյալ բոլոր պարտավորությունների և համաձայանագրերի փաստաթղթերը: Այս մասին գրում է The California Courier թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը:

Աուրոնի փաստաբան Էյթայ Մաքն արտգործնախարարություն ուղարկած խնդրանքում նշում է, որ Հայոց ցեղասպանության հարցում պաշտոնական Իսրայելի ժխտումը կապված է Թուրքիայի հետ դիվանագիտական և ռազմական հարաբերությունների, իսկ վերջին տարիներին նաև Ադրբեջանի հետ գոյություն ունեցող հարաբերությունների հետ:

2011-ին Կնեսետում Հայոց ցեղասպանության վերաբերյալ քննարկումների ժամանակ, փոխարտգործնախարար Դանի Այալոնը և Կնեսետի կրթության հանձնաժողովի նախագահ Ալեքս Միլլերը միանշանակ կերպով բացառել են Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորությունը՝ իսլամական աշխարհում Իսրայելի «գլխավոր» ռազմավարական դաշնակցի՝ Ադրբեջանի հետ հարաբերություններին չվնասելու նպատակով»:

Պրոֆ. Աուրոնի նամակում նաև մեջբերումներ են արված «Մեր տունն Իսրայելն է» (“Yisrael Beiteinu”) աջակողմյան կուսակցության մի քանի ղեկավարներից, նշելով, որ նրանք չեն թողնելու, որ Կնեսետը ճանաչի Հայոց ցեղասպանությունը:

RTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել է, որ Հայոց ցեղասպանությունը «պատմական վիճահարույց» հարց էր, և դրա չճանաչումը առնչվում է ոչ այնքան Թուրքիայի հետ, որքան առաջին հերթին՝ Ադրբեջանի հետ Իսրայելի ռազմավարական հարաբերություններին:

Աուրոնը շեշտում է, որ այս փաստարկները շատ նման են նրանց, որոնք ժխտում են հրեական Հոլոքոստը:

Աուրոնն իր նամակում, որպես Ադրբեջանի հետ Իսրայելի սերտ հարաբերությունների օրինակ, տեղեկացնում է, որ 2016 թ. փետրվարի 26-ին «613 ծառ տնկվեց Խայիմ Վեյցմանի (Իսրայելի 1-ին նախագահ) անտառում՝ «Խոջալուի ցեղասպանության 24 ամյակի» առթիվ, 613 զոհերի հիշատակին, որին ներկա էր [Կնեսետի անդամ] Ավիգդոր Լիբերմանը: Միայն Ադրբեջանը և Թուրքիան են նշում այս «ցեղասպանության» միջոցառումը:

«Կասկած չկա, որ Իսրայելի պետությունը ոչ միայն «առևտուր» է անում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, այլ դրա վերաբերյալ իր վրա իրական պարտավորություններ է վերցրել Ադրբեջանի և Թուրքիայի հետ համաձայնագրերում»,-եզրափակում է նա:

Պրոֆեսորի փաստաբան Մաքը հատուկ պահանջում է, որ Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը գաղտնազերծի հետևյալ տեղեկատվությունը.

1) Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Թուրքիայի և Ադրբեջանի հետ ունեցած ցանկացած համաձայնության, փոխըմբռնման և պայմանավորվածության փաստաթղթերը:

2) Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով ցանկացած նամակագրություն Թուրքիայի կամ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ:

3) Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով Թուրքիայի կամ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ Իսրայելի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների հանդիպումների կամ շփումների վերաբերյալ տեղեկատվություն:

4) Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ արտաքին գործերի նախարարության որոշումներին և դիրքորոշումներին առնչվող փաստաթղթեր՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից բողոքների լույսի ներքո: