10 հունվարի 2018 - 12:55 AMT
Ռուսաստանցիների ավիաթռիչքները Գյումրի կրկնապատկվել են

Ռուսաստանցիների շրջանում 2 անգամ աճել է դեպի Գյումրի ավիաուղևորությունների պահանջարկը: Այդ մասին հայտարարել է OneTwoTrip զարգացման տնօրեն Արկադի Գինեսը:

Փորձագետը դա կապում է Մոսկվա-Գյումրի թռիչքներ իրականացնող լոուքոսթերի և ավիտոմսերի բավականին մատչելի գների հետ: Գինեսը նշել է, որ միջինը ավիատոմսերն այդ ուղղությամբ էժանացել են 7 տոկոսով: Այժմ տոմսի արժեքը 5 100 ռուբլի է (մոտ 90 դոլար), գրում է «Արգումենտի ի ֆակտին»:

Նա հավելել է, որ եթե 2018-ին չլինեն դոլարի կամ եվրոյի փոխարժեքի կտրուկ տատանումներ, ավիատոմսերի ընթացիկ գները ՌԴ-ից դեպի արտերկիր կպահպանվեն:

«Ավիատոմսերի գների նվազեցման վրա 2018-ին կազդեն լոուքոսթերները: Այն ուղղություններում, որտեղ թռիչքներ են իրականացնում բյուջետային ավիափոխադրողները, գինը կարող է նվազել 5-10 տոկոսով: Լավ օրինակ է Գյումրին՝ նախորդ տարվա համեմատ, 2017-2018-ին ձմեռային ամիսներին դեպի այդ քաղաք ավիաթռիչքների պահանջարկը կրկնապատկվել է»,-ասել է Գինսեը:

«Պոբեդա» լոուքոսթերը թռիչքներ է իրականցնում Գյումրի-Մոսկվա-Գյումրի երթուղով 2016-ի դեկտեմբերից: